Գրքերի տպագրություն

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը կարևորելում է հայկական ինտելեկտուալ հսկայական ժառանգության պահպանումն ու տարածումը Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Այդ նպատակով հիմնադրամի աջակցությամբ հրատարակվել և վերահրատարակվել են մի քանի արժեքավոր գրքեր՝ Կոմիտասի «Հազար ու մի խաղ»-ը, Մակար Եկմալյանի «Սուրբ պատարագ»-ը, «Ժամագիրք»-ը։

ԿՈՄԻՏԱՍԻ «ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԽԱՂ» ԳՐՔԻ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

2014-ին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աշխատանքային խումբը ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության` ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը: Ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացումն ու վերահրատարակումը։ Մեկնարկեցին հայերեն տեքստերի լատինատառ տառադարձության, ծանոթագրական նյութերի պատրաստման և դրանց անգլերեն թարգմանության աշխատանքները։
Այս նախագծի շնորհիվ, 100 տարի անց՝ 2015-ի հունիսին, իրականություն դարձավ Կոմիտաս Վարդապետի սկսած գործը։ Լույս տեսավ նրա կազմած «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին։ Այն անվճար հատկացվեց գրադարաններին, ուսումնական, հոգևոր հաստատություններին և աշխարհասփյուռ հայ համայնքներին:
2015-ի հուլիսին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ հայտնի մշակութային և պետական գործիչների մասնակցությամբ: Կոմիտասի «Հազար ու մի խաղ»-ը մինչև այսօր էլ շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսում Կոմիտասի աշխատությունը ներառվեց «Ազգային ինքնության պահպանում» թեմայով հաշվետվության մեջ, պրեզենտացիաներ կազմակերպվեցին Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանում (ԱՄՆ), «Այբ» միջազգային դպրոցում, Կոմիտասի թանգարանում:

Գրքերի տպագրություն
Գրքերի տպագրություն
Գրքերի տպագրություն
Գրքերի տպագրություն

ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼՅԱՆԻ «ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ»-Ի ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ, հրատարակել է հայ հոգևոր երաժշտական կարևորագույն մատյաններ: Առաջինը Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագն է՝ եռաձայն արական, քառաձայն արական և քառաձայն խառը կազմերի համար, որն առաջին անգամ հրատարակվել է 1896-ին Լայպցիգում: 120 տարի անց, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ, Սուրբ Պատարագը վերահրատարակվեց ժամանակակից նոտագրության կանոններով, լատինատառ տառադարձությամբ, երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ: Նպատակն էր հայ եկեղեցու գլխավոր ծեսի այս կարևորագույն նմուշը հասանելի դարձնել միջազգային հանրությանը և սփյուռքին։

«ԺԱՄԱԳՐՔԻ» ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս տեսավ «Ժամագիրք»-ը, որը քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից է, հայ եկեղեցական արարողակարգին և տոներին հարմարեցված աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների հիմնական ժողովածուն:
«Ժամագիրք»-ը եվրոպական նոտագրությամբ երբևէ չէր հրատարակվել: 1877-ին Համբարձում Լիմոնջյանի հայկական նոտագրության համակարգով այն գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով «Ժամագիրք»-ը փոխադրվել է եվրոպական նոտագրության: 960-էջանոց այս ակադեմիական հրատարակությունն այժմ թվայնացված է։ «Ժամագիրք»-ն ունի երաժշտագիտական նախաբան, օգտագործված տերմինների բառարան, հոգևոր երգերի, ստեղծագործությունների ամբողջական ցանկ։ Եվ այս ամենը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ