«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամում տեղի ունեցավ Հարություն Կալենցին նվիրված նոր նախագծի առաջին փուլի ամփոփումը։ Երևանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողները ստեղծել են կտավներ՝ յուրաքանչյուրն ընտրելով նկարչի անցած ճանապարհից մեկ դրվագ։
«Կալենց» նախագիծը նպատակ ունի հանրահռչակելու Հարություն Կալենց նկարչին, ներկայացնելու Կալենց արվեստագետին համաշխարհային արվեստի համատեքստում, հասանելի և գնահատված դարձնելու նրա արվեստն աշխարհում՝ ինչպես մասնագիտական հարթակներում, այնպես էլ արվեստասերների շրջանում:
Սարոյանը վերադարձել է․նոր հոլոգրամը ամփոփում է գրողի երեք տարբեր տարիքները
2020թ․-ի փետրվարի 20-ին, տեղի ունեցավ Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանի նոր՝ թարմացված հոլոգրամի առաջին ցուցադրությունը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի և “The Interactive World” կազմակերպության համագործակցությամբ։
Սարոյանի սենյակի վերակազմությունը կատարվել է Դեն Վեյների` 1953թ-ին արված լուսանկարի հիման վրա։ Այս և այլ արխիվային լուսանկարների և անձնական տեսաձայնագրությունների ուսումնասիրության արդյունքում այժմ այցելուները հնարավորություն ունեն տեսնելու Սարոյանի վերակերտված կերպարը՝ երեք տարբեր տարիքներում։
12 տարեկան Կարեն Մանգարյանը ներկայացնում է Սարոյանին դեռևս պատանեկության շրջանում, երբ վերջինս հեռագրեր էր բաժանում Ֆրեզնոյի փողոցներում և հոգու խորքում երազում մի օր մեծ գրող դառնալու մասին։ Արդեն հասուն և կայացած գրողին, ով իր փառքի գագաթնակետում էր գտնվում, վերապատկերում է երգահան, դերասան և հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը։ Իսկ արդեն պատկառելի հասակում գտնվող Սարոյանին՝ իր հանրահայտ բեղերով, բարեսիրտ հայացքով և հեծանիվների հանդեպ տածած իր հատուկ սիրով, վերապատկերում է հայտնի բարերար Շանթ Հովնանյանը։
«Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին»
2020 թվականի փետրվարի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ֆրանսահայ երաժշտագետ Արմինէ Գրիգորեանի «Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին» գիրքը (խմբագիր` Գուրգեն Գասպարյան), որն ամփոփում է Կոմիտաս Վարդապետի գործունեության մասին 1910-1911 թթ. արևմտահայ մամուլի (Պոլիս, Իզմիր, Եգիպտոս) 272 անդրադարձները։
Ստեղծագործության մեջ ներառված են 1910-1911թթ․ գործող «Ազատամարտ», «Բիւզանդիոն», «Ժամանակ», «Արևելք», «Հայրենիք», «Մանզումէի Էֆքեար», «Դաշինք», «Լուսաբեր-Արեւ» թերթերում, «Տաճար» շաբաթաթերթում, «Շանթ» և «Ոստան» պարբերաթերթերում Կոմիտաս Վարդապետի վերաբերյալ տեղ գտած հոդվածներն ու հրապարակումները:
Մամուլի տվյալները կարելի է երկու մասի բաժանել՝ լրատվական և հեղինակային հոդվածներ: Լրատվականն այն մասին է, թե երբ Կոմիտասը ժամանեց այս կամ այն երկիր, երբ մեկնեց, դասախոսությունների մասին ծանուցումներն են, զեկույցներ: Հեղինակային հոդվածներից հիշարժան է Տիգրան Կամսարականի հոդվածը, որ հրատարակվել է չորս անգամ:
Գիրքը լույս է տեսել «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ: