«Տղամարդիկ» արձանախումբ և «Վարք հավերժության»
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, կարևորելով մեր երկրի ունեցած մեծագույն մշակութային ժառանգության պահպանումը և տարածումը ոչ միայն Հայաստանում, այլև այլ տարածաշրջաններում, իրականացրել է մի շարք արձանների տեղադրման ծրագրեր, որոնցից են Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» (Երևան), Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» (Երևան) և նույն քանդակագործի Գրիգոր Նարեկացուն նվիրված հուշարձանը (Վատիկան)։
«Տղամարդիկ» արձանախումբ
«Տղամարդիկ» արձանախումբը ներկայացնում է մեծ ժողովրդականություն վայելող 1972թ.-ին նկարահանված «Տղամարդիկ» կինոկատակերգության չորս գլխավոր հերոսներին, որոնց ֆիլմում մարմնավորել են հայ ամենասիրված դերասաններ Մհեր (Ֆրունզե) Մկրտչյանը, Ազատ Շերենցը, Ավետիք Գևորգյանը և Արմեն Այվազյանը։ Արձանի կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2006 թ․-ին, իսկ պաշտոնական բացումը իրականացվել է 2007թ.-ի հոկտեմբերի 13-ին:
Արձանի տեղադրման նպատակն է հասարակության կողմից սիրված հայտնի ֆիլմի հերոսների կերպարների կենդանացումն ու ներկայացումը քաղաքի սրտում: Արձանախումբը հնարավորություն է տալիս այցելուներին մտովի վերականգնելու սիրելի ֆիլմի հերոսների կերպարները և պատկերացնելու նրանց քաղաքում շրջելիս։ Միևնույն ժամանակ բավականին գրավիչ հուշարձան է զբոսաշրջիկների համար: