Գործարկվել է narekatsi.com կայքը

2017թ-ին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը սկսեց Գրիգոր Նարեկացուն նվիրված կայքի բովանդակության հավաքագրումը։ Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա է, համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը։ Կայքի ստեղծման նպատակն է հանրության լայն շերտերին հասանելի դարձնել Նարեկացու թողած մեծագույն ժառանգությունը։
2018թ․-ի հոկտեմբերի 13ից գործում է Narekatsi.com կայքը։ Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Ներառում է Նարեկացու կենսագրությունը, նրան նվիրված ֆիլմերի, հաղորդումների, հոդվածների հղումներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և մի շարք այլ լեզուներով։ Կայքում զետեղված են ավանդազրույցներ, տաղեր, գանձեր, աղոթքներ և այլ ստեղծագործություններ՝ տարբեր տարիների, երկրների հրատարակություններով։ Աշխատանքներ են տարվում «Մատեան Ողբերգութեան» պոեմի իտալերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն և շատ այլ լեզուներով թարգմանությունների ձեռք բերման ուղղությամբ։ Կայքը հնարավորություն է տալիս այս ամենը կարդալ տեքստային և/կամ գրքային տարբերակով։ Կայքն ունի նաև առանձին բաժին՝ նվիրված Նարեկավանքին, որտեղ հնարավոր է գտնել վանքի մասին տեղեկատվություն և նկարներ։