Հայկական ազգային
երաժշտական գանձարան
Հայկական ազգային երաժշտական գանձարան ծրագիրը մեկնարկել է 2014 թ. փետրվարին, բաղկացած է մի քանի նախագծերից՝
- Երաժշտական թվային գրադարանի ստեղծում
- Երաժշտական գրականության հրատարակում
- Շարժական աուդիո-ձայնագրիչի ստեղծում
Ծրագիրը սկսելու համար ընտրվեցին հայկական ավանդական երաժշտության ասպարեզում բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմից, ինչպես նաև փորձառու երաժշտական մենեջերներ: Այնուհետև, կատարողներին ընտրելու նպատակով իրականացած քաստինգների արդյունքում ընտրվեցին հայկական ժողովրդական երգերի մենակատարները։ Ստեղծվեց նաև 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը, որը գործում է 2014թ․-ի փետրվարից և 4 ամսում հասցրել է ձայնագրել 60 հոգևոր-եկեղեցական երգերից կազմված ընտրանի` 5-րդ դարից մինչև 15-րդ դար: 2014թ.-ի հուլիսից մինչև 2015թ․-ի մայիս ընկած ժամանակահատվածում AP records-ի տաղավարներում ձայնագրվեցին 500-ից ավել վոկալ և գործիքային ստեղծագործություններ՝ ժողովրդական, հոգևոր, աշուղական: Ձայնագրմանը զուգահեռ՝ աշխատանքներ սկսվեցին armenianmusic.am երաժշտական առցանց պորտալի ստեղծման ուղղությամբ, որում տեղակայվեցին բոլոր աուդիոձայնագրությունները: Երգերը դասավորված են բոլոր հնարավոր ֆիլտրերով. ըստ երգի տիպի, ժանրի, կատարողի, տարածաշրջանի, օգտագործված գործիքների եւ այլն: Ստեղծագործությունների ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Կայքը քառալեզու է՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն։ Կայքը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով՝ IOS և Android օպերացիոն համակարգերի համար: Պորտալում յուրաքանչյուր երգի ուղեկցում է համապատասխան թեմատիկ նկարազարդումը: Նկարազարդումները ստեղծվել են հատուկ այդ ձայնագրությունների համար՝ Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստական քոլեջի ուսանողների, ինչպես նաև անվանի նկարիչների կողմից։
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է՝
- ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը
- պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը
- ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան
- վերականգնել ազգային երգը, ծեսն ու ավանդույթը
- վերականգնել նոտային գրականությունը և տեխնիկապես հասանելի դարձնել հայ մշակութային ժառանգությունը
- ստեղծել հայ ազգային երաժշտության համաշխարհային պորտալ, ունենալ ուսումնական նյութերի պատրաստման աղբյուր` համայն հայության համար
- նպաստել ֆիլմերում հայ երաժշտության օգտագործմանը, այդպիսով կինոարտադրության միջոցով ազգայինը ճանաչելի դարձնել բոլորին