Արթուր Ջանիբեկյան

Հիմնադիր

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հիմնադիրը Արթուր Ջանիբեկյանն է՝ Հայաստանում իրականացավող մի շարք կրթական, մշակութային, հասարակական նախաձեռնությունների հեղինակն ու հովանավորը:

Նա այժմ ղեկավարում է «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը (ТНТ, ТВ-3, «Пятница» և «2х2»): 2007-ին հիմնել է «Քոմեդի Քլաբ Փրոդաքշն» ընկերությունը, այժմ ընկերության գլխավոր տնօրենն է: 2008-ին հիմնել է «Քոմեդի TV» շուրջօրյա հումորային հեռուստաալիքը։ Բազմաթիվ հայկական և ռուսական ֆիլմերի պրոդյուսեր է։

Արթուր Ջանիբեկյանն իրականացնում է մասնագիտացված սեմինարներ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում (Columbia University), Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում։ «Սնոբ» բանավեճի ակումբի անդամ է։ Գնել և Մատենադարանին ի պահ է հանձնել սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության արժեքավոր ձեռագրեր։ Երևանում տեղադրված Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» և Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակների նախաձեռնողն ու հովանավորն է, Վատիկանում տեղադրված Գրիգոր Նարեկացուն նվիրված հուշարձանի բարերարը։ Արթուր Ջանիբեկյանի ջանքերով իրականացվել է Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի սբ. Հակոբ կիսավեր բազիլիկ եկեղեցու հիմնանորոգումը, եկեղեցու հարևանությամբ՝ վաղեմի սրբավայրի տարածքում, կառուցվել է նաև «Սուրբ Նարեկ» մատուռը։ Նա առաջին հայկական նորարարական կրթական կենտրոնի՝ «Այբ» կրթական համալիրի աջակիցներից է։

Արթուր Ջանիբեկյանը բազմաթիվ պարգևների է արժանացել հայրենիքում և արտասահմանում։ «GQ» ամսագրը նրան ճանաչել է «Տարվա մարդ», երեք անգամ արժանացել է «Ռուսաստանի մեդիամենեջեր» հեղինակավոր մրցանակին` հեռուստատեսային ապրանքանիշերի ստեղծման և հեռուստատեսության ոլորտում կատարած ամենամեծ գործարքի համար: Հայաստանում պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով: Հայ Առաքելական եկեղեցին նրան շնորհել է պատվո բարձրագույն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան։

Ավելին Արթուր Ջանիբեկյանի մասին` Վիքիպեդիայում։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ