«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հիմնադիրը Արթուր Ջանիբեկյանն է՝ Հայաստանում իրականացավող մի շարք կրթական, մշակութային, հասարակական նախաձեռնությունների հեղինակն ու հովանավորը:
Նա այժմ ղեկավարում է «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը (ТНТ, ТВ-3, «Пятница» և «2х2»): 2007թ. հիմնել է «Քոմեդի Քլաբ Փրոդաքշն» ընկերությունը, այժմ ընկերության գլխավոր տնօրենն է: 2008թ. հիմնադրել է «Քոմեդի TV» շուրջօրյա հումորային հեռուստաալիքը։ Նաև բազմաթիվ հայկական և ռուսական ֆիլմերի պրոդյուսեր է։
Արթուր Ջանիբեկյանն իրականացնում է մասնագիտացված սեմինարներ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում (Columbia University), Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում։ «Սնոբ» բանավեճային ակումբի անդամ է։ Գնել և Մատենադարանին ի պահ է հանձնել սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության արժեքավոր ձեռագրեր։ Երևանում տեղադրված Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» և Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակների նախաձեռնողն ու հովանավորն է, ինչպես նաև՝ Վատիկանում տեղադրված Գրիգոր Նարեկացուն նվիրված հուշարձանի բարերարը։ Արթուր Ջանիբեկյանը «Այբ» կրթական համալիրի՝ առաջին հայկական նորարարական կրթական կենտրոնի աջակիցներից է։ Նրա ջանքերով իրականացվել է Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի սբ. Հակոբ կիսավեր բազիլիկ եկեղեցու հիմնանորոգումը, եկեղեցու հարևանությամբ՝ վաղեմի սրբավայրի տարածքում, կառուցվել է նաև «Սուրբ Նարեկ» մատուռը։
Ջանիբեկյանը հայրենիքում և արտասահմանում արժանացել է մի շարք պարգևների՝ «GQ» ամսագրի սահմանած «Տարվա մարդ» տիտղոսին, երեք անգամ «Ռուսաստանի մեդիամենեջեր» հեղինակավոր մրցանակին` հեռուստատեսային ապրանքանիշերի ստեղծման և հեռուստատեսության ոլորտում կատարած ամենամեծ գործարքի համար: ՀՀ-ում պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով: Հայ Առաքելական եկեղեցու կողմից արժանացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պարգևին։
Ավելին Արթուր Ջանիբեկյանի մասին` Վիքիպեդիայում։