Աստվածաշնչյան գլխավոր թեմաները Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու խորանին

Աստվածաշնչյան գլխավոր թեմաները՝ Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու խորանին

Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու խորանը կզարդարվի կտավներով, որտեղ տեղ կգտնեն աստվածաշնչյան գլխավոր թեմաները։ Նկարիչը Միքայել Հարությունյանն է։

Սուրբ Հակոբ եկեղեցին նորոգվել ու վերաօծվել է 2012 թվականին, որից հետո «Վերածնունդ» հիմնադրամը նախաձեռնեց եկեղեցու ներսում՝ խորանի ամբողջ երկայնքով ներկայացնել քրիստոսի կյանքը՝ Ծնունդից, մինչեւ Համբարձում կտավներով։

Տերունական շարքն ընտրվել է մեծ բծախնդրությամբ ու երկար քննարկումներից հետո։ Կտավների հեղինակն ասում է, որ թեմաները քննարկել են թեմի առաջնորդի ու հոգեւորականների հետ։ Ի վերջո, որոշվեց, որ Քրիստոսի կյանքի ամենակարեւոր դրվագները կներկայացվեն կտավերով։ Նկարիչը Միքայել Հարությունյանն է։ Մի քանի կտավ արդեն պատրաստ է. «Կտավներում անպայման կլինեն հինգ տաղավար տոները։ Բոլոր կտավներն ու թեմաները ընտրել ենք այնպես, որ ունենան հստակ ուղերձ քրիստոնյաների համար»։

Ընդհանուր առմամբ, Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցում կլինի 12 կտավ։ Առաջին կտավը կհայտնվի Խորանի ձախ կողմում, այն կպատկերի Քրիստոսի ծննդյան Ավետիսը, կտավների շարքը կավարտվի խորանի աջ կողմում՝ Մարիամ Աստվածածնի վերափոխման պատկերով։