
«Վերածնուդ» հիմնադրամի աջակցությամբ, Newmag հրատարակչությունը «Ապարանի Զարզանդ Դարյանի անվան գրադարան» ՀՈԱԿ-ին նվիրեց 500 գիրք։ Ապարանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Newmag-ին ու «Վերածնունդին»՝ քաղաքին հարուստ գրականություն ապահովելու համար.
«Newmag-ը բավականին լուրջ թարգմանչական գործունեություն է ծավալում աշխարհում հայտնի և ժամանակակից գրականությունը հայերենով հանձնելով հայ հասարակությանը: Հորդորում եմ մեր հարգելի ապարանցիներին կարդան այս գրքերը և գտնեն իրենց սրտի ու հոգու ստեղծագործությունները»:

Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ծրագիրն ամեն անգամ ունի տարբեր բարերարներ, և Ապարան քաղաքի այս նախաձեռնության բարերարը «Վերածնունդ» հիմնադրամն է՝ ի դեմս հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի, որը ծնունդով Ապարանից է.
«Այդ պատճառով է, որ պարոն Ջանիբեկյանը ցանկացավ այս գրքերը լինեն իր հայրենի համայնքում: Մենք մանրակրկիտ ձևով ենք ընտրել գրքերը, որոնք հաստատ օգտակար կլինեն՝ սկսած մանկական գրականությունից մինչև գեղարվեստական և ոչ գեղարվեստական, մասնագիտական և ոչ մասնագիտական, ինչպես նաև ժամանցային»:
Գրադարանի տնօրեն Անահիտ Մնացականյանի համոզմամբ Newmag-ի և «Վերածնուդի» ազգանվեր աշխատանքն անգնահատելի է. «Տարվա կտրվածով մենք համալրում ենք գրադարանը, բայց դա բավարար չէ նոր ընթերցողների հոսք ապահովելու համար և այս խնդիրը լուծելու համար մեզ են միացել, այսօր այստեղ են Newmag հրատարակչությունը և «Վերածնունդ» հիմնադրամը: Նրա խոսքով գիրքը քաղաքակրթության ամենակարևոր օղակներից մեկն է, և այսօր հասարակության մեջ կատարվող բոլոր փոփոխությունները նաև իրենց ազդեցությունն ունեն գրադարանների մեջ»:

Փոխվել են պահանջները, նախասիրությունները , առաջացել են նոր նախասիրություններ, նոր ծրագրեր, բայց այս ամենին զուգընթաց կարևոր է նաև շփումը գրքի հետ: Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով այն, ինչ կատարվում է մեր շուրջն, ուղղակի հետևաքն է գիրք չկարդալու, կարդացածը չհասկանալու կամ սխալ հասկանալու, ամբողջ քաղաքակրթությունը գլխի վայր շրջելու կամ Հայաստանի պատմությունը, քաղաքակրթությունը թաքցնելու համար.
«Ահա թե ինչու պետք է գիրք կարդալ՝ մասնագետների, գրադարանավարների խորհրդով։ Սրանք շատ թանկ գրքեր են, սա շատ դժվար է շատերի համար գնել գրախանութներից, բայց այսօր մենք հնարավորություն ունենք դրանք վերցնել գրադարաններից և հասցնել մարզային ընթերցողներին»:
