
«Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանը ստեղծվել է 2001-ին։ Այժմ այն ունի 71․000-ից ավելի ակտիվ հոդվածագիրներ, 33 միլիոնից ավելի հոդվածներ՝ 287 լեզուներով։ Հայերենն ավելացավ 2003-ին։ 2004-ի հուլիսի 2-ին գրվեց առաջին հայերեն հոդվածը, որի թեման Հայաստանն էր։ Հայկական վիքիպեդիայի զարգացմանը մեծապես նպաստում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը։
2013-ի հոկտեմբերին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը սկսեց աջակցել «Վիքիմեդիա Հայաստան»-ին՝ իրականացնելով մի շարք ծրագրեր, որոնցից են «Մեկ հայ, մեկ հոդված» արշավը, վիքիճամբարները և վիքիակումբները:
Աջակցության արդյունքում, 2013-2015-ը հայերեն վիքիպեդիայի բովանդակությունը մշակվեց ու հարստացվեց։ 70․000 հոդվածներին ավելացան նորերը։ Երկու տարում հայկական վիքիպեդիան ունեցավ 200․000 որակյալ հոդվածներ։ Ստեղծվեցին 10-ից ավելի վիքիակումբներ ՀՀ մարզերում և Արցախում։
«ՄԵԿ ՀԱՅ, ՄԵԿ ՀՈԴՎԱԾ» ԱՐՇԱՎ
2014-ի մարտի 24-ին մեկնարկեց համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավը, որի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ կազմակերպվեցին մշակույթի գործիչների հետ, որպեսզի նրանք էլ տիրապետեն վիքիմշակույթին և ներդրում ունենան հայերեն վիքիպեդիայի հարստացման գործում: Արշավին անդրադարձան արտասահմանյան հեղինակավոր պարբերականները՝ BBC-ն, The Guardian-ը և News Week-ը։ Նախագծի շնորհիվ հայերեն Վիքիպեդիան համալրվեց նոր հոդվածներով, ձեռք բերեց նոր, ակտիվ խմբագիրներ՝ արվեստի, գիտության և այլ ոլորտներից։
ՎԻՔԻՃԱՄԲԱՐՆԵՐ
2014-ին կազմակերպվեց առաջին վիքիճամբարը: 14 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները ծանոթացան վիքիպեդիայի խմբագրման գործիքներին։ Ճամբարի առօրյայում ներառված էին հայկական պարերի և երգերի ուսուցում, հայկական ֆիլմերի ցուցադրություն, հանդիպումներ անվանի գիտնականների, գրողների և մշակույթի գործիչների հետ։ 2014-ի օգոստոսին կազմակերպվեց վիքիճամբարի երկրորդ հերթափոխը: Միջազգային «Վիքիմեդիա» հիմնադրամը վիքիճամբարը ճանաչեց 2014-ի լավագույն վիքիմիջոցառում։
2015-ի հունվարին կազմակերպվեց նաև ձմեռային վիքիճամբար, որի ընթացքում ստեղծվեց հայերեն վիքիպեդիայի 902 հոդված։ Առաջին անգամ համալրվեց նաև վիքիբառարանը, ավելացվեց մոտ 310 բառ։ Ճամբարներին, ընդհանուր առմամբ, մասնակցեցին մոտ 200 երիտասարդ խմբագիրներ: