
Newmag հրատարակչությունն արդեն մեկ տարի է, ինչ սկսել է եզակի նախաձեռնություն. համայնքային գրադարաններին նվիրաբերում է նոր ու ժամանակակից գրքեր։ Այս ծրագրի նպատակն է աջակցել տեղական համայնքներին և վերականգնել գրադարանի ֆոնդային հավաքածուն:
Ըստ Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանի, նոր ու ժամանակակից գրքերով կհամալրվեն մի շարք գրադարաններ. «Այս ընթացքում համայնքները փորձել են իրենց չափով, իրենց կարողություններով համալրել գրադարանները։ Մենք որոշեցինք նախաձեռնել այս ծրագիրը, որի նպատակը հետևյալն է՝ մասնավոր ընկերությունների, մասնավոր հիմնադրամների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթեներում ներառվեն համայնքային գրադարանների գրական ֆոնդի թարմացումը։ Ես հուսով եմ, որ գրքերն օգտակար կլինեն ընթերցողների համար»։
Book donation-ին միացել է նաև «Վերածնունդ» հիմնադրամը և առաջիկայում մի շարք գրադարաններ կհամալրվեն 500 կտոր գրականությամբ։ Գրադարաններին ժամանակակից բովանդակությամբ համալրելու շարքը հիմնադրամն ու հրատարակչությունը սկսում են Վայքի համայնքային գրադարանից, ինչն ամենևին պատահական չէ՝ նկատում է «Վերածնունդի» տնօրեն Հակոբ Հակոբյանն ու ավելացնում՝ հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը մի քանի տարի ապրել է Վայքում, հաճախել նույն այն մշակութային տուն, որտեղ էլ տեղի ունեցավ գրքի նվիրատվության արարողությունը.
«Մեր հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի համար սա կարևոր նախաձեռնություն է, ու հենց իր ցանկությունն էր, որ գրքի նվիրատվությունների շարքը սկսում ենք Վայքի համայնքային գրադարանից։ Երևակայելու, երազելու, քո երազանքը, ուրիշի երազանքներն իրագործելու համար շատ կարևոր է ընթերցանությունը։ Եվ սա ես հասկացա, երբ ընթերցեցի «Խորհրդավոր կղզին»։ Իմ հաջողությունների հիմնական խորհրդանիշը հենց գիրքն է։ Համոզված եմ, որ գրադարան այցելող հազարավոր երեխաների, պատանիների, երիտասարդների կյանքը կփոխի, ինչպես իմ դեպքում եղավ։ Newmag-ին ևս շնորհակալ ենք նման կարևոր նախաձեռնության գաղափարի համար»։
Վայքի համայնքային գրադարանում մեծահասակաների բաժնում կա 500 բաժանորդ, 250 էլ՝ մանկապատանեկանում։
Գրադարանում հյուրերին դիմավորել են մշակութային տան սաները, իսկ ավարտին «Վերածնունդ» հիմնադրամին և Newmag-ին հանձնել են շնորհակալագրեր։