28 Հուլիսի, 2025

Book donation/ Մասիսի կենտրոնական գրադարանը ևս համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)

Տարբեր մարզերի 5 համայնքային. գրադարաններ համալրվեցին ժամանակակից գրականությամբ։ «Վերածնունդ» հիմնադրամի՝ ի դեմս հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի աջակցության շնորհիվ, արդեն 5-րդ մարզի գրադարաններ ստանում է 500 անուն նոր ու ժամանակակից գրականություն։

Newmag հրատարակչության և «Վերածնունդ» հիմնադրամի շնորհիվ Մասիսի կենտրոնական գրադարանը ևս համալրվեց 500 գրքով:

Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանի խոսքով, քաղաքապետարանի օգնությամբ գրադարանը տարվա ընթացքում համալրվում է նոր գրականությամբ, բայց նման քանակի գրքերի նվիրատվությունն, իրոք, աննախադեպ է. 

«Այս նախաձեռնությունը ոչ միայն ուրախալի է, նաև պարտավորեցնող: Այս գրքերը շատ ընթերցողներ կբերեն գրադարանին, քանի որ նման ահռելի քանակի ժամանակակից գրականություն երբեք գրադարանը չի ունեցել: Գրադարանից օգտվողների թիվն անհամեմատ կավելանա, մենք էլ պարտավոր ենք կազմակերպել գրական քննարկումներ, որպեսզի մարդիկ տեղեկանան նվիրատվությամբ ստացված գրքերի մասին»: 

Մասիսի կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանուշ Ղազարյանը նշեց, որ Newmag-ի հրատարակած գրքերը նոր շունչ կտան գրադարանին. 

«Ձեր նվիրաբերած գրքերը ոչ միայն հարստացնում են մեր գրքային ֆոնդը, այլև խթանում են կրթությանն ու ընթերցանության մշակույթի տարածմանը»:

Գրքատվության առիթով մարզ այցելած Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, ներկայացրեց նախագիծը. 

«Ստեղծեցինք այս մոդելը, երբ բարերաների միջոցով օգնում ենք համայանքների գրադարաններին՝ ժամանակակից նոր գրականությամբ, այն գրքերով, որոնք հետաքրքրում են աշակերտներին, ուսանողներին, առհասարակ երիտասարդներին ու մեծահասակներին»։

Արտակ Ալեքսանյանը նշեց, որ հրատարակչությունը կարող է նաև նախաձեռնել հայ հեղինակների այցը գրադարան և կազմակերպելգրական գրական երեկոներ:

Գրադարանի ակտիվ ընթերցողներից Մարինա Գևորգյանը ուրախությամբ նկատեց, որ Մասիսի գրադարանի ընթերցողների համար ավելի լավ անակնկալ լինել չէր կարող.

«Ողջունում եմ և շնորհակալ եմ՝ ընթերցասերներին պարգեւած այս նվերի համար. արժեքավոր, մեծ պահանջարկ ունեցող բարձրաճաշակ գրականությամբ համալրվեց մեր սիրելի գրադարանը… շնորհակալություն, այս հիանալի նախաձեռնության համար»։

Մասիսի տարբեր դպրոցների շնորհալի աշակերտներ հանդես եկան երաժշտական ու թատերական կատարումներով: