14 Նոյեմբերի, 2022

Նարեկացու Վերածնունդ

Նարեկացու Վերածնունդ

Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական է, աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ 36-րդ տիեզերական վարդապետը համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը։

NAREKATSI.COM

Նարեկացու թողած մեծագույն ժառանգությունը հանրության լայն շերտերին ներկայացնելու նպատակով 2017-ին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը սկսեց նյութեր հավաքել Գրիգոր Նարեկացուն նվիրված կայքի բովանդակությունը ստեղծելու համար։ Narekatsi.com կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Ներառում է Նարեկացու կենսագրությունը, նրան նվիրված ֆիլմերի, հաղորդումների, հոդվածների հղումներ։ Կայքում զետեղված են ավանդազրույցներ, տաղեր, գանձեր, աղոթքներ և այլ ստեղծագործություններ՝ տարբեր տարիների և երկրների հրատարակություններով։ Աշխատանքներ են տարվում «Մատեան Ողբերգութեան» պոեմի իտալերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն և այլ լեզուներով թարգմանությունների ձեռքբերման ուղղությամբ։ Կայքը հնարավորություն է տալիս բովանդակությունը կարդալ տեքստային և/կամ գրքային տարբերակով։ Narekatsi.com կայքում կա նաև Նարեկավանքին նվիրված բաժին՝ վանքի մասին տեղեկություններով և նկարներով։

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ

Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվեց 2018-ի մարտի 21-ին: Քանդակագործը Դավիթ Երևանցին է, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը։ Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018-ի ապրիլի 5-ին: Բացմանը մասնակցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Հայաստանի և այլ երկրների քաղաքական, հոգևոր և մշակութային բազմաթիվ գործիչներ։ Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդը կտեղադրվի Էջմիածնում։ Բրոնզե քանդակն ունի 2 մետր բարձրություն: Պատրաստվել է Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արվեստանոց-ձուլարանում։ Արձանի տեղադրումն ընդգծում է նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև 25 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունների կարևորությունը: