
«Վերածնունդ» հիմնադրամը շոու-բիզնեսի, մշակույթի ու արվեստի գործիչներին հրավիրել էր Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղ՝ ուխտագնացության։ Միջոցառման ընթացքում եղավ այցելելություն «Յոթ վերք» և «Սուրբ Նարեկ» մատուռները, իսկ հետո նաև՝ Սուրբ Հակոբ եկեղեցի։
Ներկաները ծանոթացան գյուղի սրբատեղիներին։ Դրանցից մեկը Նարեկի մատուռն է, որը տարիներ առաջ կոչվել է Պատեի տուն։ «Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը պատմեց, որ այդ տանը եղել է գիրք, որը հայտնի էր բուժիչ հատկություններով. «Խորհրդային տարիներին ընտանիքի ժառանգներն արտագաղթել են` իրենց հետ տանելով նաև գիրքը։ Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ գյուղը նորոգելու ժամանակ նորոգվել է նաև մատուռը, իսկ գիրքը վերադարձվել է գյուղ։ Չնայած գրքի անունը Պատեի Նարեկ է, բայց այն իրականում Նարեկացու «Մատյան Ողբերգությունը» չէ, այն 1710 թվականին տպված Ավետարան է»։
Սուրբ Հակոբ Եկեղեցին այցելության վերջին կանգառն էր։ Այն հիմնանորոգվել և վերաօծվել է 2012 թվականին Արթուր Ջանիբեկյանի աջակցությամբ։ Կառուցվել է նաև Զանգակատուն։
«Վերածնունդ» հիմնադրամն այս յուրահատուկ ուխտագնացությունը կազմակերպել էր օգոստոսի 3-ին ընդառաջ։ Այդ օրը Վարդենիս գյուղի օրն է։ Ամեն տարի մեծ շուքով նշվող տոնակատարությունն այս անգամ նաև կնշանավորվի Սուրբ Հակոբ եկեղեցու կտավների հանդիսավոր օծման արարողությամբ։ Եկեղեցու խորանը կզարդարեն Քրիստոսի կյանքը պատկերող մեկ տասնյակից ավելի կտավներ: Հեղինակը նկարիչ Միքայել Հարությունյանն է։
Արտակ Ալեքսանյանը ներկայացրեց «Վերածնունդ» հիմնադրամի կատարած մշակութային, հոգևոր նախաձեռնությունները. «Դուք բոլորդ Արթուր Ջանիբեկյանի գործընկերներն ու ընկերներն եք։ Այս այցելությունը նաև լավ առիթ է ճանաչել Ջանիբեկյանի՝ «Վերածնունդ» հիմնադրամի կատարած աշխատանքները։ Բազմաթիվ նախաձեռնություններից մեկը կլինի Քրիստոսի ծնունդն ու ամբողջ կյանքը ներկայացնող կտավների տեղադրումը Սուրբ Հակոբ եկեղեցում։ Կտավներն իրականում շատ մասշտաբային ու տպավորիչ են։ Երբ դրանք տեղադրվեն այս եկեղեցում, կարող ենք այն կոչել հայկական Սիքստինյան կապելա»։
Այցելության ավարտին Անահիտ Պապայանն ու «Գեղարդ» երգչախումբը կատարեցին հոգևոր ու ժողովրդական երգեր: