
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը կարևորելում է հայկական ինտելեկտուալ հսկայական ժառանգության պահպանումն ու տարածումը Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Այդ նպատակով հիմնադրամի աջակցությամբ հրատարակվել և վերահրատարակվել են մի քանի արժեքավոր գրքեր՝ Կոմիտասի «Հազար ու մի խաղ»-ը, Մակար Եկմալյանի «Սուրբ պատարագ»-ը, «Ժամագիրք»-ը։
ԿՈՄԻՏԱՍԻ «ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԽԱՂ» ԳՐՔԻ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ
2014-ին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աշխատանքային խումբը ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության` ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը: Ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացումն ու վերահրատարակումը։ Մեկնարկեցին հայերեն տեքստերի լատինատառ տառադարձության, ծանոթագրական նյութերի պատրաստման և դրանց անգլերեն թարգմանության աշխատանքները։
Այս նախագծի շնորհիվ, 100 տարի անց՝ 2015-ի հունիսին, իրականություն դարձավ Կոմիտաս Վարդապետի սկսած գործը։ Լույս տեսավ նրա կազմած «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին։ Այն անվճար հատկացվեց գրադարաններին, ուսումնական, հոգևոր հաստատություններին և աշխարհասփյուռ հայ համայնքներին:
2015-ի հուլիսին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ հայտնի մշակութային և պետական գործիչների մասնակցությամբ: Կոմիտասի «Հազար ու մի խաղ»-ը մինչև այսօր էլ շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսում Կոմիտասի աշխատությունը ներառվեց «Ազգային ինքնության պահպանում» թեմայով հաշվետվության մեջ, պրեզենտացիաներ կազմակերպվեցին Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանում (ԱՄՆ), «Այբ» միջազգային դպրոցում, Կոմիտասի թանգարանում: