15 Ապրիլի, 2025

Շուտով Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցին կզարդարեն 11 բացառիկ կտավներ (լուսանկարներ)

Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի մի քանի ամիսից կզարդարվի Ավետարանական գլխավոր թեմաները պատկերող 11 կտավներով։ Կտավներում պատկերված են Քրիստոսի Ավետումը, Ծնունդը, Մկրտությունը, Պայծառակերպությունը, Մուտքը Երուսաղեմ, Վերջին ընթրիքը, Խաչելությունը, Հարությունը, Համբարձումը, Հրաշագործությունը։

Կտավների հեղինակը Միքայել Հարությունյանն է։ Շարքի 11 նկարների հիմնական մասը պատրաստ է. «Մեր եկեղեցիներն ու վանքերը աչքի չեն ընկնում սրբանկարների առատությամբ, ինչպես, օրինակ՝ հույն ուղղափառ եկեղեցին է։ Չնայած այս հանգամանքին, մեր եկեղեցին որևէ արգելք կամ սահմանափակում չունի սրբապատկերների քանակի վերաբերյալ»։

Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցին նորոգվել ու վերաօծվել է  2012 թվականին, որից հետո «Վերածնունդ» հիմնադրամը որոշեց եկեղեցու ամբողջ երկայնքով ներկայացնել Քրիստոսի կյանքը. «Սրբապատկերների մասին կարող եմ նույնը ասել, թեպետ մեր եկեղեցում կան սահմանված որոշ կանոնիկ սկզբունքներ, որոնք ցանկալի է պահպանել, բայց այս դեպքում էլ չկա արգելք, ըստ որի չի կարելի հեռանալ ավանդական ձևից։ 

Սա էփաստում Վարդգես Սուրենյանցի «Տիրամայրը Մանկան հետ» հայտնի կտավը, որտեղ կան որոշ շեղումներ կանոնիկությունից, սակայն այդ պատկերը օծված և տեղադրված է Հայաստանի և աշխարհի բազմաթիվ հայկական եկեղեցիների խորաններին։ Սբ. Հակոբի ապագա սրբապատկերներն աչքի են ընկնում ռեալիզմով, որը գուցե փոքր ինչ տարբերվող, նոր կթվա, եթե համեմատենք ավանդական սրբապատկերների հետ»։

Չնայած կտավներից ամեն մեկն առանձին ստեղծագործություն է իր թաքնված իմաստներով, խորրդանշական պատկերներով, բայց նկարիչը դրանք համարում է մեկ ամբողջություն։ «Վերածնունդ» հիմնադրամի առաջարկով՝ նկարիչը Քրիստոնեության գաղափարը փորձել է փոխանցել իր ստեղծագործություններով՝ Հիսուս Քրիստոսի անցած երկրային ճանապարհի խորհուրդները և մարդկանց ուղղված Նրա հրավերը՝ դեպի հավերժություն…: