
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, կարևորելով մեր երկրի ունեցած մեծագույն մշակութային ժառանգության պահպանումը և տարածումը ոչ միայն Հայաստանում, իրականացրել է արձաններ տեղադրելու ծրագրեր։ Երևանում տեղադրվեցին Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» արձանախումբն ու Դավիթ Երևանցու «Վարք հավերժության»-ը։ Դավիթ Երևանցու ևս մեկ ստեղծագործություն՝ Գրիգոր Նարեկացուն նվիրված հուշարձանը, բացվեց Վատիկանում։
«ՏՂԱՄԱՐԴԻԿ» ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ
«Տղամարդիկ» արձանախումբը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում։ Այն ներկայացնում է 1972-ին նկարահանված «Տղամարդիկ» կինոկատակերգության չորս գլխավոր հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան)։ Արձանը տեղադրելու նախապատրաստական աշխատանքները սկսվել էին 2006-ին, պաշտոնական բացումը տեղի ունեցով 2007-ի հոկտեմբերի 13-ին:
Արձանախումբը հնարավորություն է տալիս այցելուներին մտովի վերականգնելու սիրելի ֆիլմի հերոսների կերպարները և պատկերացնելու նրանց քաղաքում շրջելիս։ Այն գրավիչ հուշարձան է նաև զբոսաշրջիկների համար: