20 Օգոստոսի, 2025

Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի տոնակատարությունն ու եկեղեցու սրբապատկերների հանդիսավոր օծման արարողությունը (լուսանկարներ)

Հիսուսի կյանքը պատկերող 12 մեծամասշտաբ կտավներն արդեն զարդարում են Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի «Սուրբ Հակոբ» եկեղեցին։ Կտավներից ամեն մեկում ներկայացված է Քրիստոսի կյանքի որևէ դրվագ։ Կտավների գաղափարն Արթուր Ջանիբեկյանինն էր, որն իրագործվեց «Վերածնունդ» հիմնադրամի միջոցով։

Ջանիբեկյան ընտանիքի աջակցությամբ եկեղեցին նորոգվել էր ու վերաօծվել 2012 թվականին։ Ամեն տարի տարբեր շրջանների հավատացյալներ ուխտերթով գալիս են՝ մասնակցելու Պատարագին, այս անգամ նաև տեսնելու կտավները։

«Վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի հայրը՝ Օթարի Հակոբյանն ասում է, որ գյուղում կատարվող աշխատանքները շարունակական են.

«Նորոգվեց ոչ միայն եկեղեցին, կառուցվեց նաև «Սուրբ Նարեկ» մատուռը, բարեկարգվեց «Յոթ վերք» մատուռ տանող ճանապարհը. «Այսօր եկեղեցում տեղադրվեցին Հիսուսի կյանքը պատկերող տասներկու սրբապատկերներ։ Այդ կտավները զարդարանքի համար չեն, պաճուճանք չեն։ Աստծո տունն ինքը զարդարանք է ամեն մի հավատացյալի համար, բայց դրանք ևս մեկ փորձ են մեծարել Քրիստոսին, Աստծուն, ցույց տալ մեր սերն ու նվիրվածությունը քրիստոնեությանը, հայ առաքելական եկեղեցուն։

Շնորհակալություն եմ հայտնում «Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Հակոբ Հակոբյանին այս աշխատանքներն իրականացնելու համար, կտավների հեղինակին՝ Միքայել Հարությունյանին, Արթուր Ջանիբեկյանին ու նրա տիկնոջը՝ Էլինա Ջանիբեկյանին, որ անվերադարձ, առանց ակնկալիքների կատարում են այս բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը»։ 

«Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը պատմեց, որ կտավների գաղափարն Արթուր Ջանիբեկյանն առաջարկել էր դեռ յոթ տարի առաջ.

«Այս նախաձեռնությունը, ինչպես նաև գյուղում կատարված բոլոր ծրագրերը կատարվում են մեր նախնիների, պապերի կանչով, դրանք նաև երկրին ու հողին ավելի ամուր կանգնելու խորհուրդն ունեն։ Բոլորին մաղթում եմ, որ իրենց հոգևոր ճանապարհին անցնեն նաև Վարդենիս գյուղով։ Այս բոլոր նախաձեռնությունների շնորհիվ, եթե գոնե մեկ մարդ ավելի հոգևոր դառնա, ավելի մոտենա Աստծուն, մենք մեր վարձքը կատարված կհամարենք»։

Կտավների օծման արարողությունը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ «Սուրբ Հակոբ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մուշեն կարծում է, որ աստվածահաչո այս գործերը նաև ակնահաճո են.

«Աստված միշտ ասում է՝ ինչպես տաք, այնպես էլ կվերադառնա ձեզ։ Շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Հակոբ եկեղեցու առաքինի, պարկեշտ բարերար ընտանիքին, որոնք ոչ միայն այսօր ու այս կտավներով մեզ բոլորին զարմացրեցին, այլ իրենց կյանքով անում են ամեն բան, որ ամեն մի քրիստոնյա առիթ ունենա հաղորդակցվելու Աստծո հետ։ Աստված բազմապիսի ձևերով է խոսում մարդկանց հետ ու այն, ինչ քարոզում ենք Ավետարանով, այսօր նաև աչքին հաճելի պատկերներով ենք անելու»։ 

Կտավների հեղինակ Միքայել Հարությունյանն ասում է, որ այս նախագիծն իրեն օգնեց բացահայտել Վարդենիս գյուղը, մարդկանց ու նրանց հրաշալի ու աստվածավախ նիստուկացը.

«Երբ գալիս էի այս գյուղ, տեսնում էի, թե ինչպես են նույնիսկ երեխաները մտնում եկեղեցի, աղոթում։ Ես շնորհակալ եմ «Վերածնունդ» հիմնադրամին, Հակոբ Հակոբյանին ու Արթուր Ջանիբեկյանին, որ հնարավորություն տվեցին ի կատար ածել իմ վաղեմի ցանկությունն ու երազանքը։ Միշտ եմ երազել այսպիսի նվիրական շարք անել»։ 

Կիրակնօրյա սուրբ պատարագին ու կտավների օծման արարողության ժամանակ եկեղեցում հոգևրո երգերը կատարում էր հոգևոր երաժշտության արական «Սաղմոսերգու» երգչախումբը։ Հոգևոր օրվա ամփոփումը նույնպես արեց «Սաղմոսերգուն»։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը Վահե Բեգոյանն է։