
Եթե նախորդ համարում «Ինքնագիրն» ի մի բերեց պատերազմի, պարտության ու Արցախի կորստի գրական առաջին ցավոտ արձագանքները, ապա «Ինքնագիր» #11-ը կամրջում է անցյալի կորուստներն ու նոր ներկա ստեղծելու կամքը։
Այս համարում կարդացողները կհանդիպեն գրական լաբորատորիայում կյանքի նոր ձևերի և աշխարհների փորձարկման ու մոդելավորման հետ։ Հեղինակները շրջանցում են «դրսում» ստեղծված հրաշապատումից և գիտաֆանտաստիկից մինչև «ներսի» մտային ու զգացական այլընտրանքներ՝ ստեղծելով բազմակողմանի գրական խճանկար։
«Ինքնագիր» #11-ը հրավիրում է գրական ճամփորդության։ Համարը միավորում է հայտնի և միանգամայն նոր հեղինակների ձեռքագրերը։ Այս համարի հեղինակներից են Լուսինե Շահնազարյանը, Մարինե Պետրոսյանը, Արթուր Բաղդասարյանը, Շուշանիկ Թամրազյանը, Աննա Սարգսյանը, Աիդա Հարությունյանը, Սոնա Աբգարյանը, Պարգև Պողոսյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Լիլիթ Մկրտչյանը, Արամ Դովլաթյանը, Մարի Մելիքյանը, Անի Ասատրյանը, Վահագն Ամիրջանյանը, Վիգեն Չալդրանյանը, Աշխեն Հարությունյանը։
Համարը հարստացնում են հանրահայտ արտասահմանյան բանաստեղծների թարգմանությունները՝ Լորի Շեք, Սիլվիա Փլաթ, Էդրիեն Րիչ, Մերի Օլիվեր, Լուիզ Գլիք, Նիքի Ջիովանի, Օդիլ Քենել, Հանս Թիլ։
Ընթերցողները կգտնեն նաև գրախոսություններ և բանախոսություններ, ինչպես նաև բացառիկ անտիպ նամակներ, օրինակ՝ Զաբելից Վահան Թեքեյանին։
Խմբագիրը Վիոլետ Գրիգորյանն է, դիզայները՝ Էդիկ Պողոսյանը։
Համարը հրատարակվել է «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ։
«Ինքնագիր» #11-ը Newmag-ը կներկայացնի Գրքի երևանյան միջազգային փառատոնին՝ սեպտեմբերի 6-ին, 12:00, Ազգային պատկերասրահի «Որմնանկարների սրահ»։ Մուտքն ազատ է։
Շնորհանդեսին նոր համարը կարող եք գնել հատուկ զեղչով հրատարակչության տաղավարից։