Հայկական Ազգային Երաժշտական Գանձարան

Հայկական ազգային երաժշտական գանձարան ծրագիրը մեկնարկել է 2014-ի փետրվարին, բաղկացած է մի քանի նախագծերից՝

  • Երաժշտական թվային գրադարանի ստեղծում
  • Երաժշտական գրականության հրատարակում
  • Շարժական աուդիո-ձայնագրիչի ստեղծում
  • Նոտաների թվայնացում

Ծրագիրը սկսելու համար ընտրվեցին հայկական ավանդական երաժշտության ասպարեզում բարձր որակավորում ունեցող մասնագետներ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայից և փորձառու երաժշտական մենեջերներ: Այնուհետև մրցույթներ կազմակերպվեցին հայկական հոգևոր, աշուղական և ժողովրդական երգերի կատարողներին ընտրելու համար։ 2014-ի փետրվարին ստեղծվեց նաև 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը։ Ընդամենը 4 ամսում երգչախումբը ձայնագրեց 5-15-րդ դարերում ստեղծված 60 հոգևոր-եկեղեցական երգեր։ 2014-ի հուլիսից մինչև 2015-ի մայիս AP records-ի տաղավարներում ձայնագրվեցին 500-ից ավելի վոկալ և գործիքային ստեղծագործություններ՝ ժողովրդական, հոգևոր, աշուղական: Ձայնագրմանը զուգահեռ՝ ստեղծվեց armenianmusic.am երաժշտական առցանց պորտալը, որում տեղակայվեցին բոլոր ձայնագրությունները: Երգերը դասավորված են բոլոր հնարավոր ֆիլտրերով. ըստ երգի տիպի, ժանրի, կատարողի, տարածաշրջանի, օգտագործված գործիքների: Ստեղծագործությունների ցանկում են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական տարբեր շրջանների երգեր ու նվագներ: Կայքը քառալեզու է՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն։ Այն հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով IOS և Android օպերացիոն համակարգերի համար: Պորտալում յուրաքանչյուր երգ ուղեկցվում է թեմատիկ նկարազարդմամբ։ Հատուկ այդ ձայնագրությունների համար արված նկարազարդումների հեղինակները անվանի նկարիչներ են նաև Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստական քոլեջի ուսանողներ։

Հայկական Ազգային Երաժշտական Գանձարան
Հայկական Ազգային Երաժշտական Գանձարան
Հայկական Ազգային Երաժշտական Գանձարան
Հայկական Ազգային Երաժշտական Գանձարան

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է՝

  • ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը
  • պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը
  • ստեղծել հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան
  • վերականգնել ազգային երգերը, ծեսերն ու ավանդույթները
  • ժամանակակից նոտագրությամբ ամբողջացնել հոգևոր-երաժշտական գանձարանն ու հասանելի դարձնել այն
  • ստեղծել հայ ազգային երաժշտության համաշխարհային պորտալ, ունենալ ուսումնական նյութերի պատրաստման աղբյուր` համայն հայության համար
  • նպաստել ֆիլմերում հայկական երաժշտության օգտագործմանը՝ կինոարտադրության միջոցով ազգայինը ճանաչելի դարձնելով բոլորին