Հայերեն Վիքիպեդիա

«Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանը ստեղծվել է 2001թ․-ին։ Ներկայումս այն ունի 71․000-ից ավել ակտիվ հոդվածագիրներ, 33 միլիոնից ավել հոդվածներ՝ 287 լեզուներով։ 2003թ․-ին այս լեզուներին միացավ նաև հայերենը, իսկ առաջին հայերեն հոդվածը գրվեց 2004թ․-ի հուլիսի 2-ին, որի թեման Հայաստանն էր։ Հայկական Վիքիպեդիայի զարգացմանը մեծապես խթանում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը։
2013թ.-ի հոկտեմբերին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը սկսեց աջակցել «Վիքիմեդիա Հայաստան»-ին՝ իրականացնելով մի շարք ծրագրեր, որոնցից են «Մեկ հայ, մեկ հոդված» արշավը, Վիքիճամբարները և Վիքիակումբները:
Աջակցության արդյունքում, 2013 – 2015թթ․-ին հայերեն Վիքիպեդիայի 70․000 հոդվածները մշակվեցին և ավելացվեցին, դառնալով՝ 200․000 որակյալ հոդվածներ։ Ստեղծվեցին 10-ից ավելի վիքիակումբներ ՀՀ մարզերում և Արցախում։

«ՄԵԿ ՀԱՅ, ՄԵԿ ՀՈԴՎԱԾ» ԱՐՇԱՎ

2014թ․-ի մարտի 24-ին մեկնարկեց համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավը, որի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ բազում մշակութային գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետել վիքիմշակույթին և իրենց ներդրումն ունենալու հայերեն վիքիպեդիայի հարստացման գործում: Արշավին անդրադարձան այնպիսի արտասահմանյան պարբերականներ, ինչպիսիք են BBC-ն, The Guardian-ը և News Week-ը։ Նախագծի արդյունքում հայերեն վիքիպեդիան ոչ միայն համալրվեց նոր հոդվածներով, այլ ձեռք բերեց նոր ակտիվ խմբագիրներ՝ արվեստի, գիտության և այլ բնագավառներից։

ՎԻՔԻՃԱՄԲԱՐՆԵՐ

2014թ․-ին կազմակերպվեց առաջին վիքիճամբարը: 14 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները ծանոթացան վիքիպեդիայի խմբագրելու գործիքներին։ Ճամբարի առօրյայում ներառված էին հայկական պարերի և երգերի ուսուցում, հայկական ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպումներ անվանի գիտնականների, գրողների և մշակութային գործիչների հետ։ 2014թ.-ի օգոստոսին կազմակերպվեց վիքիճամբարի երկրորդ հերթափոխը: Վիքիճամբարը միջազգային «Վիքիմեդիա» հիմնադրամի կողմից ճանաչվեց 2014թ․-ի լավագույն վիքի միջոցառում։
2015թ.-ի հունվարին կազմակերպվեց նաև ձմեռային վիքիճամբար։ Այս ճամբարի ընթացքում ստեղծվեց հայերեն Վիքիպեդիայի 902 հոդված։ Առաջին անգամ ներդրում կատարվեց վիքի բառարանում, որտեղ ավելացվեց շուրջ 310 բառ։ Ընդհանուր ճամբարներին մասնակցեցին մոտ 200 երիտասարդ խմբագիրներ:

Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա

ՎԻՔԻԱԿՈՒՄԲՆԵՐ

Տարվա մեջ 2 անգամ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունն իրականացնում է դասընթացներ տարբեր մարզերի ուսուցիչների համար՝ հայերեն վիքիպեդիայի խմբագրմանը տիրապետելու։ Այն ուսուցիչները, ովքեր իրենց բնակավայրերի դպրոցներում՝ աշակերտների հետ միասին, ակտիվորեն սկսում են խմբագրել վիքիպեդիան, դառնում են իրենց բնակավայրում ստեղծվող վիքիակումբի համակարգող։ Գյուղային բնակավայրերի վիքիակումբներն ավելի ակտիվ են աշխատում, քանի որ արտադպրոցական հետաքրքիր զբաղմունքներ շատ չկան, և երեխաների մտահորիզոնի զարգացմանը խթանում է վիքիպեդիա խմբագրելը՝ դառնալով դասերից դուրս ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկը։ Վիքիակումբների անդամները սովորում են համակարգչից օգտվել, կատարել թարգմանություններ և իհարկե խմբագրել հայերեն վիքիպեդիան։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2014թ․-ի հունիսի 1-ին սկսել է աջակցել վիքիակումբների ստեղծմանն ու գործունեությանը՝ հիմնելով Ապարանի վիքիակումբը։ Հետագայում, «Վերածնունդ»-ի աջակցությամբ հիմնվել են վիքիակումբներ նաև Եղվարդում, Աշտարակում, Ստեփանակերտում և մի շարք այլ քաղաքներում։

ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ

Վիքիխմբագիրներին անհրաժեշտ էր հարմար գրասենյակ տրամադրել, որտեղ նրանք կկարողանային միասին աշխատել ու քննարկումներ ունենալ։ 2015թ. հունիսի 20-ին մայրաքաղաքի Արշակունյաց 2 հասցեում կայացավ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակի բացումը: Այժմ, գրասենյակը հիմնովին վերանորոգված է, ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, կահավորված է և հարմարավետ: Գրասենյակում կա նաև կոնֆերանս սրահ, որտեղ վիքիխմբագիրները կարող են ունենալ քննարկումներ հետագա նախագծերի մասին։