«Քան» ակադեմիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006-ին և առաջնորդվում է «Ապահովել անվճար, համաշխարհային մակարդակի կրթություն բոլորի համար և ամենուրեք» կարգախոսով։ «Քան» ակադեմիայի առցանց հարթակը հասանելի է բոլորին։ Ակադեմիան տեսանյութերի ﬕջոցով կազմակերպում է առցանց կրթություն, ուսուﬓական նյութերի և վարժությունների ﬕջոցով հնարավորություն է տալիս սովորելու և ամրապնդելու գիտելիքները տարբեր առարկաներից։ Հարթակի խաղային տարրերի շնորհիվ ուսուﬓական գործընթացն ավելի հետաքրքիր է դառնում:
Այսօր «Քան» ակադեմիայի մշակած կրթական նյութերից օգտվում են լավագույն համալսարանների և դպրոցների աշակերտներն ու ուսանողները՝ ավելի քան 60 մլն մարդ աշխարհի 190 երկրից։ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ և «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ, 2017-ից «Քան» ակադեմիայի նյութերը հասանելի են նաև Հայաստանում։ Հայկական բովանդակությունն արդեն իսկ ներառում է 2800 հայերեն տեսանյութ youtube-ում ու կայքում և 1200 հայերեն վարժություն ու հոդված։
Հայերեն «Քան» ակադեմիայի կայքը (hy.khanacademy.org) առաջարկում է վարժություններ, հոդվածներ, ուսուցողական տեսանյութեր և անհատական ուսուցողական հարթակ, որտեղ սովորողն ինքն է պլանավորում իր ուսումը։ Կայքը նախատեսված է ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների և ծնողների համար։ «Քան» ակադեմիայի կայքը նորագույն տեխնոլոգիաների միջոցով կարողանում է պարզել նաև սովորողի ուժեղ և թույլ կողմերը։ «Քան»-ը համագործակցում է ՆԱՍԱ-ի, Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիայի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ։