Կոմիտասի անվան ազգային քառյակի հոբելյանական համերգների գլխավոր աջակիցը «Վերածնունդ» հիմնադրամն է

Կոմիտասի անվան ազգային քառյակը մայիսին հյուրախաղերով Իտալիայում ու Գերմանիայում էր։ Քառյակը նշում է հիմնադրման 100-ամյա հոբելյանն ու Կոմիտաս Վարդապետի 155-ամյակը։ Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգների գլխավոր աջակիցը «Վերածնունդ» հիմնադրամն է։

Հոբելյանական համերգները հնարավորություն տվեցին քառյակին ևս մեկ անգամ եվրոպացի հանդիսատեսին ներկայացնել հայկական ազգային երաժշտությունը։ Կոմիտասի անվան ազգային քառյակը մայիսի 1-ին ելույթ է ունեցել Փատովա քաղաքի «Ալթինաթէ» սրահում։ Քառյակը կատարել է հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, Կոմիտաս-Ասլամազյանի «Հայկական ժողովրդական մանրանվագները»։ Համերգով հանդես են եկել նաև Վենետիկի պատմական Teatro Carlo Goldon թատրոնում։ Մխիթարյան միաբանությունը հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Քառյակի շնորհել է Մխիթար Աբբահոր հուշամեդլ:

Մայիսի 7-ին ՀԱԵ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության հրավերով Կոմիտասի անվան ազգային քառյակը ելույթ է ունեցել Միլանի հռչակավոր «Սանտա Մարիա դելլա Գրացիե» (Santa Maria delle Grazie) եկեղեցում։ Միլանի սրտում գտնվող այս եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում է։ Քառյակի համերգը տեղի է ունեցել լեփ-լեցուն սրահում, հնչել են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգին ներկա են եղել տարբեր երկրներ ներկայացնող դիվանագետներ, պետական, հասարակական գործիչներ, հայ համայքի ներկայացուցիչներն ու տեղի երաժշտասերները։

Քառյակի հոբելյանին նվիրված համերգ է եղել նաև Բեռլինի «Կարլսհորստ» մշակույթի տանը։ Քառյակը և «Ջազ տրիոն» համատեղ ելույթով ներկայացրել են կոմիտասյան «մանրանվագների» դասական կատարման և ջազային ղողանջների յուրօրինակ համադրություն։

Համերգ-երեկոն անցել է «ճշմարտություն երաժշտության մեջ. դասական երաժշտություն և ջազ՝ նվիրված Կոմիտասի անվան ազգային քառյակի 100-ամյակին» խորագրով։ Երեկոն սկսվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի մասին ֆիլմով։ «Մեկդարյա արժանապատիվ ճանապարհ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի շնորհիվ եվրոպացի հանդիսատեսը ծանոթացել է Քառյակի 100-ամյա պատմությանը՝ հիմնադրումից մինչև համաշխարհային բեմեր և ճանաչում։