Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»

2017-ից «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի մասնակցությամբ սկսվել է Հայաստանի ռադիոյի ձայնադարանի թվայնացումը, որի «Ոսկե ֆոնդում» պահպանվում է մոտ 97.000 ձայնագրություն, որից 28.000-ը հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են:
Փետրվարի 27-ին տեղի ունեցավ Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդի» կայքի՝ Armradioarchive.am, բացման արարողությունը: Ավելի քան 100.000 ձայնագրություն ունեցող ամենամեծ հայկական աուդիո արխիվի եզակի գոհարները այժմ նաև համացանցում են։

Եռալեզու կայքում տեղադրված են դասական դարձած երգեր, ելույթներ, համերգներ, ձայնագրություններ, որոնք եզակի են, շատերի համար՝ անհայտ։ Յուրաքանչյուր աուդիոձայնագրությանը կցվում են տարեթիվը, երաժշտության և խոսքերի հեղինակների անունները, նրանց կենսագրությունը, ֆոտոալբոմ և տվյալ նյութին առնչվող այլ մանրմասներ: Ձայնագրությունները խմբավորված են ըստ ժանրերի` դասական, ժողովրդական, էստրադային, ռադիոբեմադրություններ, հատուկ ելույթներ, հարցազրույցներ, մեծերի խոսք և այլն:

«Ոսկե ֆոնդի» գոհարները հիմնականում ստեղծվել են Հանրային ռադիոյում։ Ձայնագրման ստուդիան վերաբացվեց վերջերս։ Ռադիո ստուդիայում, որտեղ տասնամյակներ շարունակ ձայնագրվել են արխիվային բացառկ նմուշները, այսօր էլ ձայնագրվում են ստեղծագործություններ, որոնք վաղը կդառնան մեր այսօրվա մշակույթի ու պատմության վավերագրերը։ Ստուդիան՝ իր չափերի և տեխնիկական հնարավորությունների շնորհիվ, հնարավորություն է տալիս անհատ երաժիշտներից բացի ձայնագրել նաև մեծաթիվ երաժշտական կոլեկտիվների, սիմֆոնիկ կամ կամերային նվագախմբերի, երգչախմբերի, ժողովրդական գործիքների համույթների, մեծ և փոքր ջազ-բենդերի կատարումներ։ Ռադիո ստուդիայում իրականացվում է նաև ֆիլմերի հնչյունավորում, երաժշտության ձայնագրում և ձայնային համադրում 5․1-7․1 ձևաչափերով։

Հանրային ռադիոյի արխիվը հայկական ամենամեծ աուդիո պահոցն է, որտեղ պահպանվում են մոտ 100 000 ձայնագրություններ` երգեր, ելույթներ, հաղորդումներ, համերգներ, 150 հազար ժամ տևողությամբ մոտ 20 հազար հեղինակային, երաժշտական կատարումներ, գրական-գեղարվեստական հաղորդումներ, ասմունք եվ ռադիոբեմադրություններ։ Ֆոնդում կան նաև ռուսերեն, քրդերեն, եզդիերեն, ադրբեջաներեն, արաբերեն ձայնագրություններ:

Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»
Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»
Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»
Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»
Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»
Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»
Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»