«Տղամարդիկ» արձանախումբ և «Վարք հավերժության»

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, կարևորելով մեր երկրի ունեցած մեծագույն մշակութային ժառանգության պահպանումը և տարածումը ոչ միայն Հայաստանում, իրականացրել է արձաններ տեղադրելու ծրագրեր։ Երևանում տեղադրվեցին Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» արձանախումբն ու Դավիթ Երևանցու «Վարք հավերժության»-ը։ Դավիթ Երևանցու ևս մեկ ստեղծագործություն՝ Գրիգոր Նարեկացուն նվիրված հուշարձանը, բացվեց Վատիկանում։

«ՏՂԱՄԱՐԴԻԿ» ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ

«Տղամարդիկ» արձանախումբը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում։ Այն ներկայացնում է 1972-ին նկարահանված «Տղամարդիկ» կինոկատակերգության չորս գլխավոր հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան)։ Արձանը տեղադրելու նախապատրաստական աշխատանքները սկսվել էին 2006-ին, պաշտոնական բացումը տեղի ունեցով 2007-ի հոկտեմբերի 13-ին:
Արձանախումբը հնարավորություն է տալիս այցելուներին մտովի վերականգնելու սիրելի ֆիլմի հերոսների կերպարները և պատկերացնելու նրանց քաղաքում շրջելիս։ Այն գրավիչ հուշարձան է նաև զբոսաշրջիկների համար:

«Տղամարդիկ» արձանախումբ և «Վարք հավերժության»
«Տղամարդիկ» արձանախումբ և «Վարք հավերժության»

«ՎԱՐՔ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ»

«Վարք հավերժության» անունը կրող բրոնզաձույլ, 3 մետր բարձրությամբ քանդակը գտնվում է Երևանի Մոսկովյան-Տերյան խաչմերուկի հարակից տարածքում։ Քանդակագործը Դավիթ Երևանցին է, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը։ Կառուցվել է հայ գրատպության 500-ամյակի առիթով, տեղադրվել՝ 2012-ի ապրիլի 23-ին։
«Վարք հավերժության» քանդակը խորհրդանշում է «Մշո ճառընտիր» մատյանի փրկությունը։ Այն պատկերում է երկու կանանց, որոնք երկու մասի են բաժանել ամենամեծ հայերեն մագաղաթը, որպեսզի կարողանան փրկել այն թուրքական յաթաղանից։ «Մշո ճառընտիրն» ունի 660 էջ, պատրաստված է հորթի կաշվից և կշռում է 28 կիլոգրամ, պահվում է Մատենադարանում։