Հայերեն Վիքիպեդիա

«Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանը ստեղծվել է 2001-ին։ Այժմ այն ունի 71․000-ից ավելի ակտիվ հոդվածագիրներ, 33 միլիոնից ավելի հոդվածներ՝ 287 լեզուներով։ Հայերենն ավելացավ 2003-ին։ 2004-ի հուլիսի 2-ին գրվեց առաջին հայերեն հոդվածը, որի թեման Հայաստանն էր։ Հայկական վիքիպեդիայի զարգացմանը մեծապես նպաստում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը։
2013-ի հոկտեմբերին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը սկսեց աջակցել «Վիքիմեդիա Հայաստան»-ին՝ իրականացնելով մի շարք ծրագրեր, որոնցից են «Մեկ հայ, մեկ հոդված» արշավը, վիքիճամբարները և վիքիակումբները:
Աջակցության արդյունքում, 2013-2015-ը հայերեն վիքիպեդիայի բովանդակությունը մշակվեց ու հարստացվեց։ 70․000 հոդվածներին ավելացան նորերը։ Երկու տարում հայկական վիքիպեդիան ունեցավ 200․000 որակյալ հոդվածներ։ Ստեղծվեցին 10-ից ավելի վիքիակումբներ ՀՀ մարզերում և Արցախում։

«ՄԵԿ ՀԱՅ, ՄԵԿ ՀՈԴՎԱԾ» ԱՐՇԱՎ

2014-ի մարտի 24-ին մեկնարկեց համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավը, որի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ կազմակերպվեցին մշակույթի գործիչների հետ, որպեսզի նրանք էլ տիրապետեն վիքիմշակույթին և ներդրում ունենան հայերեն վիքիպեդիայի հարստացման գործում: Արշավին անդրադարձան արտասահմանյան հեղինակավոր պարբերականները՝ BBC-ն, The Guardian-ը և News Week-ը։ Նախագծի շնորհիվ հայերեն Վիքիպեդիան համալրվեց նոր հոդվածներով, ձեռք բերեց նոր, ակտիվ խմբագիրներ՝ արվեստի, գիտության և այլ ոլորտներից։

ՎԻՔԻՃԱՄԲԱՐՆԵՐ

2014-ին կազմակերպվեց առաջին վիքիճամբարը: 14 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները ծանոթացան վիքիպեդիայի խմբագրման գործիքներին։ Ճամբարի առօրյայում ներառված էին հայկական պարերի և երգերի ուսուցում, հայկական ֆիլմերի ցուցադրություն, հանդիպումներ անվանի գիտնականների, գրողների և մշակույթի գործիչների հետ։ 2014-ի օգոստոսին կազմակերպվեց վիքիճամբարի երկրորդ հերթափոխը: Միջազգային «Վիքիմեդիա» հիմնադրամը վիքիճամբարը ճանաչեց 2014-ի լավագույն վիքիմիջոցառում։
2015-ի հունվարին կազմակերպվեց նաև ձմեռային վիքիճամբար, որի ընթացքում ստեղծվեց հայերեն վիքիպեդիայի 902 հոդված։ Առաջին անգամ համալրվեց նաև վիքիբառարանը, ավելացվեց մոտ 310 բառ։ Ճամբարներին, ընդհանուր առմամբ, մասնակցեցին մոտ 200 երիտասարդ խմբագիրներ:

Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա

ՎԻՔԻԱԿՈՒՄԲՆԵՐ

Տարին 2 անգամ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունը խմբագրման դասընթացներ է իրականացնում մարզերի ուսուցիչների համար։ Այն ուսուցիչները, որոնք իրենց բնակավայրերի դպրոցներում, աշակերտների հետ միասին սկսում են ակտիվորեն խմբագրել վիքիպեդիան, դառնում են իրենց բնակավայրերի վիքիակումբների համակարգողները։ Գյուղային բնակավայրերի վիքիակումբներն ավելի ակտիվ են աշխատում, քանի որ արտադպրոցական հետաքրքիր զբաղմունքները քիչ են։ Վիքիպեդիա խմբագրելը դառնում է դասերից հետո երեխաների ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկը և նպաստում է նրանց ընդհանուր զարգացմանն ու մտահորիզոնի ընդլայնմանը։ Վիքիակումբների անդամները սովորում են տիրապետել համակարգչային տեխնոլոգիաներին, կատարել թարգմանություններ և իհարկե խմբագրել հայերեն վիքիպեդիան։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2014-ի հունիսի 1-ին սկսել է աջակցել վիքիակումբների ստեղծմանն ու գործունեությանը՝ հիմնելով Ապարանի վիքիակումբը։ Հետագայում, «Վերածնունդ»-ի աջակցությամբ վիքիակումբներ են հիմնվել նաև Եղվարդում, Աշտարակում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում։

ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ

Վիքիխմբագիրներին անհրաժեշտ էր հարմար գրասենյակ, որտեղ նրանք կկարողանային միասին աշխատել ու քննարկումներ անել։ 2015-ի հունիսի 20-ին Երևանի Արշակունյաց 2 հասցեում բացվեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակը: Այժմ, այն հիմնովին նորոգված է, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և գույքով։ Հարմարավետ գրասենյակն ունի նաև կոնֆերանս սրահ, որտեղ վիքիխմբագիրները կարող են քննարկել իրենց նախագծերը։