23 Մայիսի, 2025

«Վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ Նոր Երզնկայի, Օշականի, Կարբիի և Փարպիի գրադարանները նվեր ստացան 500 գիրք

Ժամանակակից գրքեր ու բեսթելլերներ կլինեն նաև Աշտարակի տարածաշրջանի մի շարք համայնքների գրադարաններում: Սա Newmag հրատարակչության Book donation նախաձեռնությունն է, որին միացել է «Վերածնունդը»։ Առաջիկայում հիմնադրամը ֆինանսավորմամբ Հայաստանի մի շարք համայնքային գրադարաններ ևս կհամալրվեն նոր գրքերով։

«Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը, կարևորելով այս նախաձեռնությունը, նշեց, որ մեկ գիրքը կյանք է փոխում.

«Ես ծնվել, մեծացել եմ Նոր Երզնկա գյուղում և ընտրություն կատարելիս, թե որ համայքներին կարող ենք գրքեր նվիրել, մի փոքր եղել է նաև իմ դերակատարությունը: Շատ-շատ եմ կարևորում այս նաձեռնությունը։ Շատ ուրախ եմ, որ այս համայքներում մեր ներդրումը կունենանք՝ ընթերցանության տարածման գործում: 

Եթե անգամ, մեկ երեխա, մեկ պատանի, մեկ երիտասարդ Newmag-ի այս հիասքանչ նախաձեռնության շնորհիվ մոտենա գրքին, մենք կարող ենք համարել, որ ամեն ինչ հիասքանչ է: Շատ ուրախացա, երբ իմացա, որ այս նախաձեռնության շնորհիվ նոր ընթերցողներ են ավելանում: Ուզում եմ վստահ լինել, որ դրա կարիքն իսկապես կա, ու այդ գրքերը չեն հայտնվի գրադարանում ու մնան դարակներում»:

«Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ սա երկրորդ գրքանվիրատվությունն է: Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի խոսքով, «Վերածնունդի» հետ նախաձեռնությունը կշարունակվի ևս 3 համայնքային գրադարանների համար.

«Վստահեցնում ենք, որ այս գրքերն ընտրված ու կազմված են խնամքով: Մեր խմբագիրները, դիզայներներն ու սրբագրիչները շատ երկար ու մանրակրկիտ աշխատում են յուրաքանչյուր գրքի վրա: Հուսով ենք, որ դա կնկատվի ու կգնահատվի, կձևավորվի ընթարցանության նոր մշակույթ այդ համայնքերում»:

Միջոցառմանը ելույթ ունեցան Ա․ Այվազյանի անվան երաժշտական դպրոցի սաները և Փարպի բնակավայրի պարի խմբակը:

Աշտարակի համայնքապետարանն ու Աշտարակի մշակույթի պալատը շնորհակալագրեր հանձնեցին Newmag-ին ու «Վերածնունդ» հիմնադրամին։