Հայաստանի անկախության տոնին ընդառաջ՝ «Վերածնունդ» հիմնադրամն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց նոր երաժշտական ֆիլմ՝ «Վարդանանք. հաղթանակից մինչև մեր օրեր»։ Պրեմիերան սեպտեմբերի 21-ին է, 21.40-ին Արմենիա Հ/Ը եթերում։ Ֆիլմի ռեժիսորը Վահե Յանն է։ Երաժշտական համարները կատարում է «Տալույս» երգչախումբը։
«Տալույս» երգչախմբի պրոդյուսեր Թովմաս Առաքելյանը պատմեց ֆիլմի գաղափարի ու իրականացման մասին.
«Մենք վաղուց հետևում ենք «Վերածունդ» հիմնադրամի գործունեությանը ու հիանում ենք Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնություններով։ Պարզ էր, որ նման նախագիծը այս հիմնադրամի գաղափարախոսության ու արժեհամակարգի ծիրում էր։ Նախաձեռնության ղեկավար Արտակ Ալեքսանյանի միջոցով իրականացրեցինք այս նախագիծը։ Ծանոթացանք նաև ռեժիսոր Վահե Յանի հետ»։
Թովմաս Առաքելյանը պատմեց, որ Վարդանանց թեման միշտ եղել է ամենաքննարկվող պատմական թեմաներից, հատկապես՝ Վասակի կերպարը.
«Չի կարելի ազգային խորհրդանիշների հետ անփույթ վարվել։ «Տալույսը» Վարդանանց հաղթանակլը ներկայացնում է, որպես բարոյական հաղթանակ։ Չէ՞ որ պարտությունները սովորաբար լինում են հենց բարոյագիտության ու անբարոյության դաշտում։ Հետևաբար, ես շատ ուզեցի, որ մանուկները լինեն այս գաղափարների բարձրաձայնողները։ Երբ գաղափարները հանդիպում են իրենց մեկենասներին, ի դեմս «Վերածնունդ» հիմնադրամի, դրանք վերածվում են նման կարևոր նախաձեռնության։
Նախագիծն արեցինք, քանի որ պետք է հիշել մեր հաղթանակների մասին, որպեսզի չկոտրվենք, բայց այն նաև գալիք հաղթանակների համար է, որոնք լինելու են։ Տարիներ առաջ երգչախմբի հիմնադիր Բագրատ Սրբազանը խաչքար էր կանգնեցրել, այն միակն է, որը նվյրված է գալիք հաղթանակներին։ Մենք հավատում ենք դրան։ Դրա համար էլ ֆիլմը կոչվում է «Վարդանանք. հաղթանակից մինչև մեր օրեր». Մենք դժվար ժամանակներում ենք ապրում, բայց հավատում եմ, որ այս հակասականության մեջ էլ դաստիարակվում է կոփված մի սերունդ, որին ոչ մի բանով չես վախեցնի»։
«Տալույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Մարիա Գալստյանը կարծում է, որ հոգևոր, մարտական, ազգային երգերը, արվեստը պահպանելը անվտանգային հարց է նաև։ Մարիա Գալստյանը պատմեց, որ «Տալույս» երգչախմբի արժեհամակարգում հաղթանակները շատ կարևոր են, այդ պատճառով որոշեցին նկարահանել այս պատմերգը.
«Ծրագրում մեկ հոգևոր մարտերգ է, մեկ պատմերգ ու մեկ ակադեմիական երգեցողությամբ ստեղծագործություն։ Առաջին երգը Ղևոնդ Ալիշանի «Պլպուլն Ավարայրի» ստեղծագործությունն է, երկրորդը Ներսես Շնորհալու «Նորահրաշ պսակավորքը» և երրորդը՝ «Երկիր Հայրենին»։ Տալույս երգչախումբը հոգևոր ու աշխարհիկ երգերը զուգահեռ է կատարում, այնպես որ երեխաների համար ցանկացած նոր ստեղծագործություն հետաքրքիր է, քանի որ միշտ կատարում ենք նաև հետազոտական մեծ աշխատանք. ոչ միայն սովորում են երգերը, այլ նաև ուսումնասիրում ենք հեղինակին, դարաշրջանը ու պատմությունը։ Օրինակ, Շնորհալու երգի առաջին տողերի գլխագրերը բացելիս՝ ստացվում է «Ներսեսի երգ»։ Առաջին տան մեջ Վարդանին է նկարագրում, իսկ 10-րդ տան մեջ Շնորհալին փառաբանում է եկեղեցու ու պետության կապը։ Սա նաև կրթական, դաստիարակաչական նշանակություն ունի»։
Ֆիլմի նկարահանումներն անցել են Գաֆեսճյան թանգարանում ու Տավուշի մարզում։
Ֆիլմի ռեժիսորը Վահե Յանն է։ Վահե Յանի ու «Վերածնունդ» հիմնադրամի համատեղ նախագծերը սկսվել են «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմից.
«Բոլոր նախագծերը, որոնք անում ենք հիմնադրամի հետ, կարևոր են ազգի ամրության համար։ Այս երաժշտական ֆիլմը շատ կարևոր է, քանի որ ընկճված ենք, կոտրված ենք։ Մեր հասարակությունը մինչև հիմա շոկի մեջ է, պետք է հիշենք մեր հերոսներին, մեր հաղթանակները։ Ես կարծում եմ, որ այսօր հայ ազգը ոչ թե իներտ ու անտարբեր է, այլ դեռ շոկի մեջ ենք, նման գործերը սթափեցնող ազդեցություն ունեն, դրանք ասում են՝ արթնացի’ր, հիշեի’ր քո կյանքը»։
Ֆիլմի հիմնական ռեժիսորական գաղափարն, ըստ Վահե Յանի, երգերի ու ֆիլմի համահունչ լինելն է.
Վահե Յանի խոսքով՝ «Վերածնունդ» հիմնադրամը ազգապահպանության գործում պայքարի առաջամարտիկ է։ Հիմնադրամի բոլոր նախագծերը պայքարում են բարձր գաղափարական շերտում։ Պայքարի ստորին շերտն ըստ ռեժիսորի, տանկերն ու պատերազմն են, իսկ ամենակարևոր ու վերին շերտը ազգի հոգևոր հավատն ու գաղափարն է, որը թշնամին ուզում է սպանել։ «Վարդանանք. հաղթանակից մինչև մեր օրեր» ֆիլմը այդ հավատն ու գաղափարը պահպանող քայլերից է։