3 Ապրիլի, 2026

20-ամյա հայկական Վիքիպեդիան՝ 330 հազար հոդվածով

Wikipedia-ն՝ ազատ բովանդակությամբ, բազմալեզու ամենամեծ օնլայն հանրագիտարանը, 25 տարեկան է։ Հայկական Վիքիպեդիայում առաջին հայալեզու խմբագրումը եղել է 2003 թվականի հունվարին։ Մեկ տարի անց հանրագիտարանում տեղադրվեց առաջին հայերեն հոդվածը։ «Wikimedia Հայաստան» գիտակրթական, հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Շահինյանի խոսքով՝ հայալեզու հոդվածներն ավելանում են ամեն օր։ Տարեկան ստեղծվում է 10-12 հազար հայերեն հոդված։ Այսօր հայկական Վիքիպեդիայում կա մոտ 330 հազար հոդված։

«Wikimedia Հայաստան» գիտակրթական, հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Շահինյան.

«Ամենօրյա ռեժիմով ստեղծվում են ամենաակտուալ թեմաներով հոդվածներ։ Հայերեն հոդվածները, որոնք հայկական թեմատիկայով են, օրինակ հայոց պատմության, հայ արքաների, եկեղեցիների կամ հուշարձանների մասին, թարգմանվում են նաև այլ լեզուներով, հիմնականում՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն»։

2013-ի հոկտեմբերին «Վերածնունդ» մշակութային հիմնադրամը «ՎիքիմեդիաՀայաստան»-ի հետ սկսեց մեծածավալ ծրագրեր՝ հայկական բովանդակությունն ու հայկական վիքիպեդիան զարգացնելու համար։ «Վերածնունդ» ֆինանսավորմամբ «Վիքիմեդիա Հայաստանը» ստացավ գույք, համակարգիչներ, ստեղծվեցին կարևոր նախաձեռնություններ։ Դրանցից մեկը «Մեկ հայ, մեկ հոդված» արշավն էր, որի շրջանակներում հայ քաղաքական, մշակութային ու այլ գործիչներ սկսեցին գրել հայերեն հոդվածներ։ 

«Մեկ հայ, մեկ հոդված» արշավի շնորհիվ Վիքիպեդիան հարստացավ նոր հայալեզու հոդվածներով։ Արշավի մասին գրեցին BBC-ն, The Guardian-ը և News Week-ը։ Մյուս նախաձեռնությունները, որոնց աջակցեց ու միացավ «Վերածնունդ» հիմնադրամը, Վիքիճամբարներն ու Վիքիակումբներն էին։ 

2014 թվականին կազմակերպվեցառաջին Վիքիճամբարը: Այս ձևաչափը գործում է, մինչև այսօր։ Տարիների ընթացքում հազարավոր երիտասարդներ այցելում են Վիքիճամբարներ, որտեղ սովորում են գրել ու խմբագրել հոդվածներ. «Վերջերս տեղի ունեցավ բժշկական Վիքիճամբար։ Մի քանի ամսից կունենանք ֆինանսատնտեսական Վիքիամիս։ Քանի որ ընտրական տարի է, անելու ենք «Վիքիպեդիան հանուն ազատ ընտրությունների» արշավը, որի շրջանակներում ընտրությունների վերաբերյալ հոդվածներ են ստեղծվելու։

Մարզային վիքիակումբները նույնպես շարունակում են գործել։ Տարբեր մարզերում պատանիներն ու երիտասարդները խմբագիրների հետ սովորում են գրել օնլայն հանրագիտարանում։ Շատ պատանիներ ու երիտասարդներ ուզում են գրել Վիքիպեդիայում, քանի որ Երևան հասնելը բարդ է։ Դրա համար ակումբներ են բացվում բոլոր մարզերում»։ 

«Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամն իրականացնում է նաև «Վիքին սիրում է երկիրը» կամ «Վիքին սիրում է հուշարձաններ» էքսկուրսիաները։ Երկու տարի առաջ Հաղարծին վանական համալիրի լուսանկարն ամբողջ աշխարհում զբաղեցրեց 6-րդ տեղը։ Արհեստական բանականության դարաշրջանում Վիքիպեդիան շարունակում է լինել ամենակարևոր ինֆորմացիոն հարթակներից մեկը։

Վերջին տարիներին հոդվածների դիտելիությունն ընկնում է, բայց ԱԲ գործիքները ինֆորմացիա փնտրելիս օնլայն հանրագիտարանի տեղեկությունները նույնպես ստանում են ու օգտագործում։ Վիքիպեդիան, որպես ամենամեծ օնլայն հանրագիտարան, ծառայում է նաև ԱԲ-ին։