18 Մայիսի, 2026

Newmag-ը ներկայացնում է 70-ականների երևանյան սիրով ու ջերմությամբ լի պատմություն՝ «Երբ ծաղկում է ծիրանենին» (թրեյլեր)

«Երբ ծաղկում է ծիրանենին» վեպը սիրո, հիշողությունների և ժամանակի մասին է։ Սեր, որը չի խամրում, այլ տարիների հետ ավելի է խորանում։ Եվ գարնան, որը միշտ վերադառնում է։

Կան քաղաքներ, որոնց իսկական շունչը զգում ես գարնանը, երբ ծաղկում են ծիրանենիները, ինչպես 1974-ի Երևանում։

Ռուսաստանաբնակ հայ գրող Վիգեն Ջակոկաջյանն իր դեբյուտային վեպում ընթերցողի առջև բացում է 1974 թվականի Երևանը՝ ծիրանի բույրով, ազգային ընդհատակով, ընկերության ու սիրո պատմություններով։

«Երբ ծաղկում է ծիրանեին» գրքի առանցքում ընկերներն են, մեկ տարի ու կյանքի մեծ շրջադարձ, որը ոչ ոք չէր սպասում։ Պարզ, կանխատեսելի առօրյան կամաց-կամաց լցվում է արգելված թեմաներով ու գաղտնի զրույցներով ու օտար խաղերով։

1974 թվականին Երևանում ապրում էին երեք ընկեր։ Նրանք ունեին պարզ ու կանխատեսելի կյանք, որը, սակայն, շուտով դառնում է լարված ու վտանգավոր։ Փարիզից եկած տատիկը, ընդահտակյա ազգային շարժումը՝ Կարսի պայմանագիրն ու Նժդեհի գաղափարները, երևանյան սպեկուլյանտներն ու Կանտորան պատմության էպիկենտրոնում են։ 

Նրանք երիտասարդ են, խանդավառ, ապագայի հանդեպ հավատով լի։ Բայց աննկատ հայտնվում են վտանգավոր աշխարհում։ Ազատության ծարավն աստիճանաբար հասցնում է վտանգավոր ուղու, որտեղ խաղադրույքներն ամենևին էլ պատանեկան չեն։

Վեպն ընկերության ու դավաճանության, երազանքների ու պարտադրված փոխզիջումների, սխալների ու կորստի մասին է։ Ջակոկաջյանը, սակայն, մռայլ քրոնիկ չի գրել.  գրքի էջերը լի են երևանյան կենդանի շնչով ու անմոռանալի դեմքերով՝ Ֆրունզիկ Մկրտչյան, Մալխաս, Չիկո, Կոկա, Դոդո, Գեորգի Պողոսյան, Գոհար Գասպարյան, Էլվինա Մակարյան։ Եվ ամեն ինչի կենտրոնում սերն է։

Գրքի հեղինակ Վիգեն Ջակոկաջյանը Ցեղասպանությունից փրկվածների թոռ է, ուսանողական տարիներին երազել է լրագրող դառնալ։ 1970-ականներին անդամագրվել է ազգային-քաղաքական ընդհատակյա շարժմանը, ինչի հետևանքով նրան հեռացրել են Երևանի պետական համալսարանից։ 1995-ից աշխատում է բժշկական սարքավորումների ոլորտում, այժմ լոգիստիկայի տնօրեն է։

Վեպը լույս է տեսել երկու լեզվով՝ ռուսերեն և հայերեն։ Ռուսերենից հայերեն է թարգմանել Անուշ Մուրադյանը։

«Երբ ծաղկում է ծիրանենին» գրքի գլխավոր գործընկերներն են «Շարմ» ընկերությունն ու «Վերածնունդ» հիմնադրամը։