«Վերածնունդ» հիմնադրամը շարունակում է «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ներկայացնել իր կարևոր նախագծերը։ «Հայկական ազգային երաժշտական գանձարանի» երգերի հիման վրա նկարահանվել է 6 հեռուստանախագիծ։ 4 -ի ռեժիսորը Վահե Յանն է: Գործակցությունը սկսվել է «Տաղ․ հոգու ճանապարհ» երաժշտական հեռուստաֆիլմով, որտեղ հնչում են Նարեկացու յոթ տաղերը։ Նկարահանումները տեղի են ունեցել յոթ տարբեր եկեղեցում։ Վահե Յանը ներկայացրել է նկարահանման նախապատմությունը.
«Շատ վտանգավոր է ձեռերով դիպչել սրբին, բայց իմ կողքին էր Վահե Բեգոյանը, որը սցենարի համահեղինակն էր, տաղերի կատարողը։ Նրա շնորհիվ ես ապահովվագրված էի, որ դավանաբանական, գաղափարական որևէ սխալ թույլ չեմ տա։ Երգերն աշխարհաբարով ներկայացնելու համար ընտրել ենք յոթ հայտնի դերասանի, որոնք օգնեցին երգերը դարձնել ավելի հասկանալի ու պարզ»։
Երկրորդ մասշտաբային ֆիլմը «Վարդանանք․հաղթանակից մինչև մեր օրեր» երաժշտական նախագիծն էր, որտեղ երաժշտական համարները կատարել է «Տալույս» երգչախումբը։ Ֆիլմինկարահանումներն
անցել են Գաֆեսճյան թանգարանում ու Տավուշի մարզում։
«Երգչախմբի երեխաները զինվորների պես բարձրացան Աղվեսասարը, և ամենակարևորը, նրանց կատարման ժամանակ զգում էինք, որ իրոք հասկանում են, ինչ են երգում, ու հանուն ինչի են երգում։ Երաժշտական ֆիլմի վերնագիրը պատահական չենք ընտրել, դա հետահայաց փիլիսոփայական ճանապարհ է, թե հաղթանակից, ուր ենք հասել։ Այս բոլոր ֆիլմերի նպատակը հայ ժողովրդին հիշեցնելն է մեր պատմությունը։ Ընդհանրապես, «Վերածնունդ» հիմնադրամի գործունեությունը պատմական ամնեզիայից ազատվելն է, հիշեցնելը, որ մենք հաղթանակած քրիստոնյա ազգ ենք»։
«Վերածնունդ» հիմնադրամի նախագծերը տարբեր են, բայց բոլորի նպատակը հայ հոգևոր, մշակութային ժառանգության պահպանությունն է։ Նախագծերի հիմքում ազգային մշակույթն է, ինքնությունն ու հոգևոր վերածնունդը։