«Սոսի Խանիկյան» հիմնադրամը «Վերածնունդ» մշակութային ինտելեկտուալ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ հայտարարել էր Վիլյամ Սարոյանի կյանքին ու ստեղծագործություններին նվիրված մրցույթ։ Ստացվել էր 20 հայտ: Լավագույն հոդվածների ու էսսեների հեղինակների անունները հայտարարվեցին սեպտեմբերի 8-ին՝ Սոսի Խանիկյանի ծննդյան օրը:
Այս տարի Սոսի Խանիկյանը կդառնար 36 տարեկան, 2-րդ ծննդյան օրը հիշում ենք առանց նրա: Սոսիի մահից հետո մտերիմների նախաձեռնությամբ ստեղծվեց մշակութային հիմնադրամը։ 2022-ի գարնանը «Սոսի Խանիկյան» հիմնադրամը սկսեց համագործակցել Արթուր Ջանիբեկյանի «Վերածնունդ» հիմնադրամի հետ: Համատեղ հայտարարեցին Վիլյամ Սարոյանի կյանքին և ստեղծագործություններին նվիրված մրցույթ: Սոսիի մայրը՝ հիմնադրամի պատվավոր նախագահ Էսթեր Խանիկյանը, տեղեկացնում է՝ հայտերն ընդունել են երկու անվանակարգով` գիտական հոդված և էսսե. «Հիմնադրամները հայտարարեցին նախկինում չհրապարակված էսսների ու հոդվածների մրցույթ: Հայտ ներկայացրեց մոտ երկու տասնյակ հեղինակ: Ընտրվեցին լավագույնները»:
Սոսի Խանիկյանի ծննդյան օրն էլ տեղի ունեցավ մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակների հանձնումը: «Լավագույն էսսե» անվանակարգում առաջին մրցանակը շնորհվեց Արա Զարգարյանին, «Լավագույն գիտական հոդված» անվանակարգի հաղթող ճանաչվեց Ռուզաննա Մովսիսյանը եւ խրախուսական մրցանակի արժանացավ Մերի Մամյանը։
Վերածնունդ մշակութային հիմնադրամը խոստացել է՝ հաղթողների աշխատանքները կհրապարակվեն և կթարգմանվեն անգլերեն: