Ինչպես ընդունեց հանդիսատեսը «Վերածնունդ» հիմնադրամի «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը (տեսանյութ)

Երեք օր Մոսկվա կինոթատրոնի մեծ դահլիճում ցուցադրվեց «Տաղ. հոգու ճանապարհ» հոգևոր-երաժշտական ֆիլմը։ Հանդիսատեսի արձագանքը բուռն էր, իսկ դահլիճը բոլոր ցուցադրություններին՝ լեփ-լեցուն։

Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանված ֆիլմի գաղափարը «Վերածնունդ» հիմնադրամինն է։ Ռեժիսորն ու սցենարիստը Վահե Յանն է. «Ես ֆիզիկապես չկարողացա մտնել դահլիճ, մարդիկ այնքան շատ էին։ Էն լույսը, որ մենք մարդկանց ուզում էինք հասցնել ֆիլմով, կարծես ստացվեց։ Ես հուզվեցի, երբ տեսա այդքան մարդկանց, փաստորեն այդ լույսի պահանջն ու կարիքը կար։ Դու անում ես մի բան, որի պահանջը կա. դրանից ավելի գերագույն զգացողություն չկա»։

Սցենարի համահեղինակն ու տաղերի մենակատարը Վահե Բեգոյանն է: Ֆիլմում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Մարջան Ավետիսյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան և Սամվել Թոփալյանը:

Հանդիսատեսը ֆիլմն ընդունեց բուռն ծափերով և մեծ ոգևորությամբ։

Գոհար Գասպարյան, հաղորդավար. «Այս ֆիլմն իր տեղակի մեջ եզակի էր, քանի որ նման փորձ չէր արվել։ Ես շատ հուզված և տպավորված եմ»։

Արթուր Բախտամյան, «Վերածնունդ» հիմնադրամի խոսնակ. «Նարեկացին հազար տարի անց այսօրվա ծանոթ մարդկանց միջոցով, աչքերով, զգացողությամբ և փառահեղ համադրում ձայնի, տեղանքի, լույսի և կազմակերպվածության»։

Դիաննա Գրիգորյան, սցենարիստ. «Նարեկացու տաղը հոգու ճանապարհ է նաև մեզ համար։ Այն մի բարոյական օրենսգիրք մատյան պետք է դառնա, որին մոտենալով՝ միանգամից կարող ես պատկերացում կազմել, թե ով է Աստված։ Սա հոգու մաքրության, սրբագրման երեկո էր»։

«Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմի նկարահանումները տևել են կես տարի։ Ստեղծագործական թիմն ընտրել է յոթ տաղ, յոթ խորհրդանշական վանք, յոթ դերասան, ովքեր և կատարել են Նարեկացու գործերը։ Ապրիլի 9-ին՝ Հարության տոնին, ֆիլմը ցուցադրվեց նաև Արմենիա հեռուստաընկերության եթերում։