Արմենիա հեռուստաընկերության անդրադարձը «Վերածնունդ» հիմնադրամնի նոր հեռուստահամերգին (տեսանյութ)

Փետրվարի 11-ի Արմենիայի եթերում «Ակունք» խումբն էր՝ իր անզուգական կատարումներով: «Վերածնունդ» հիմնադրամն ու «Ակունքի» գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանն այս անգամ ընտրել էին 10 հատընտիր ստեղծագործություն և հեռուստահամերգի միջոցով ներկայացրել լսարանին: Գործակցության մասին Շահնազարյանը պատմել է «Բարի լույս» հաղորդման ընթացքում:

Հայկական ազգային երաժշտական գանձարանն՝ իր ամբողջ հմայքով: Երգեր, որոնք երգել են մեր պապերը, երգեր, որոնցով կրթվել ու դաստիարակվել են սերունդներ: Արթուր Ջանիբեկյանի «Վերածնունդ» հիմնադրամն ու Արմենիա հեռուստաընկերությունը ներկայացրեցին ևս մեկ բացառիկ հեռուստահամերգ: «Ակունք» խմբի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանի խոսքով, «Հայկական ազգային երաժշտական գանձարանը» բացառիկ նախագիծ է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. «Արթուր Ջաինբեկյանը որոշել էր, որ մեր ամբողջ ժառանգությունը ձայնագրենք։ Այդպիսի բան ոչ մի ժողովուրդ չի արել։ Կարող եք առանձին նմուշներ գտնել, բայց որ ամբողջը…. Նա նաև 500 նկար պատվիրեց, որ ամեն ստեղծագործություն բացվի իր նկարով»:

Մի քանի տարի շարունակ ոլորտի լավագույն մասնագետները հավաքել, ձայնագրել ու վերաձայնագրել են հայկական ազգային ու հոգևոր երգերը: armenianmusic.am կայքում այս պահին կա երաժշտական ավելի քան 500 ստեղծագործություն, որոնցից 60-ը հենց «Ակունքի» կատարումներն են: Այդ երգերը կարելի է լսել կայքում կամ անվճար ներբեռնել բջջային հավելվածով:

«Հայկական ազգային երաժշտական գանձարանի» նպատակը ազգային, ժողովրդական ու հոգևոր երաժշտությունը տարածելն է , հայ մշակույթի ու արվեստի համաշխարհային ճանաչմանը նպաստելը: