Armenian music նախագիծն ամբողջությամբ թվայնացվել է. 530 ձայնագրություն Spotify, itunes, Amazon music հարթակներում է

Armenianmusic.am կայքն ամբողջությամբ թվայնացվել է ու հասանելի դարձել ամենահայտնի թվային երաժշտական հարթակներում։ 530 ձայնագրություն ու 22 ալբոմ Spotify, itunes, Amazon music ու մյուս հարթակներում են։ Բոլոր կատարումները թվայնացվել է համաշխարհային Premium փաբլիշերներից ամենահայտնիի՝ Sony Music-ի միջոցով։

Փաբլիշինգը երաժշտության նյութական իրավունքների միջազգային պաշտպանության համակարգ է, որն այդ ձայնագրությունները հասանելի է դարձնում աշխարհի տարբեր ծայրերում, հնարավոր բոլոր թվային միջոցներով: 2024 թվականի սկզբին Վերածնունդ հիմնադրամի հետ կնքվեց պայմանագիր, որի միջոցով Amara ընկերությունն ամբողջ աշխարհով մեկ հասանելի դարձրեց երաժշտական հսկա ժառանգության նմուշներ: Ընկերությունը 2023 թվականից Հայաստանում պաշտոնապես իրականացնում է երաժշտության սփռումն ու հրատարակումը և հանդիսանում է Sony Music Publishing-ի տարածաշրջանային ներկայացուցիչը։

Հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտության կատարումները կարելի է գտնել հարմար հարթակներից ու նաև տարածել։ Երաժշտական ձայնագրությունները կարող են օգտագործել երաժիշտներն ու մասնագետները։ Բոլոր կատարումները ձայնագրվել և տեսագրվել են Վերածնունդ հիմնադրամի armenianmusic նախագծով։

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի համար ընտրվել են հայկական ավանդական երաժշտության ասպարեզում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, հայկական ժողովրդական երգերի մենակատարներ։ Ստեղծվել է 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը, ձայնագրվել են վոկալ և գործիքային ստեղծագործություններ՝ ժողովրդական, հոգևոր, աշուղական: Ձայնագրմանը զուգահեռ՝ ստեղծվեց armenianmusic.am երաժշտական առցանց պորտալը, որտեղ տեղակայվեցին բոլոր աուդիոձայնագրությունները:

Երգերը դասավորված են բոլոր հնարավոր ֆիլտրերով. ըստ երգի տիպի, ժանրի, կատարողի, տարածաշրջանի, օգտագործված գործիքների եւ այլն: Ստեղծագործությունների ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Կայքը քառալեզու է՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն։ Կայքը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով՝ IOS և Android օպերացիոն համակարգերի համար: Պորտալում յուրաքանչյուր երգի ուղեկցում է համապատասխան թեմատիկ նկարազարդումը: