«Լույսեր, Տեսախցիկ, Սարոյան» վավերագրական ֆիլմի Երեւանյան պրեմիերան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Սեպտեմբերի 25-ին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագծի շրջանակում կազմակերպեց «Լույսեր, Տեսախցիկ, Սարոյան» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան։ Ֆիլմի դիտումը տեղի ունեցավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում։ Պրեմիերայի բացման խոսքով ներկայացավ Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Բարլո Դեր Մգրդեչյանը։ «Լույսեր, Տեսախցիկ, Սարոյան»-ը քննում է Վիլյամ Սարոյանի անձնական կյանքն ու գործունեությունը, ներկայացնում Պուլիցերյան և Օսկարի մրցանակակիր դրամատուրգին և արվեստագետին։ Սարոյանի հարազատների և ընկերների բացառիկ հարցազրույցների միջոցով ֆիլմը իրար է կապում Սարոյանի ապրած տարիները Ֆրեզնոյում և այլուր։
Ֆիլմը հնարավորություն կտա ծանոթանալու մի ամբողջ պատմության փոքր դրվագներին, Սարոյանական շնչի որդեգրմանը, թանգարանի ստեղծման պատմությանն ու նախագծի թիմի առջև դրված հարցադրումների հետաքրքիր պատասխանների բացահայտմանը։
Ֆիլմը ցուցադրվեց բնօրինակով՝ հայերեն ենթագրերով։