«Տաղ. հոգու ճանապարհ» հոգևոր երաժշտական ֆիլմը կրկին կհայտնվի Մոսկվա Կ/Թ-ի մեծ էկրանին

Ապրիլի 20-ից Մոսկվա կինոթատրոնը կվերսկսի «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմի ցուցադրությունը։ Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանված ֆիլմն ապրիլի սկզբին 3 օր ցուցադրվեց մեծ դահլիճում։ Հանդիսատեսի մեծ արձագանքից հետո «Վերածնունդ» հիմնադրամը որոշել է շարունակել ցուցադրությունը։

Ֆիլմը երեք օր ցուցադրվել էր լեփ-լեցուն դահլիճում, ինչի պատճառով էլ հիմնադրամը որոշեց՝ ապրիլի 20-28-ը Մոսկվա կինոթատրոնում կրկին կցուցադրի հոգևոր-երաժշտական ֆիլմը։ «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը մեծ էկրանին կհայտնվի օրը մեկ անգամ: Ցուցադրության ժամերը կարող եք գտնել կինոթատրոնի կայքում և սոցիալական էջերում: Ֆիլմի ցուցադրությունից ստացած հասույթը կուղղվի Արցախի բարեգործական ծրագրերին։

Կես տարի տևած նկարահանումներից հետո «Տաղ. հոգու ճանապարհ» հոգևոր երաժշտական ֆիլմը բարձրացավ մեծ էկրան: Գործը «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը նկարահանել է միջնադարյան հոգևորական Գրիգոր Նարեկացու բացառիկ տաղերի հիման վրա: Տաղերն աշխարհաբար ֆիլմում կարդում են յոթ հայտնի դերասան:

Ֆիլմի ռեժիսորը Վահե Յանն է, մտահղացման հեղինակն Արտակ Ալեքսանյանն է, պրոդյուսերը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի նախագահ Արթուր Ջանիբեկյանը: Ֆիլմում Նարեկացու տաղերի մենակատարն ու սցենարի համահեղինակը Վահե Բեգոյանն է։

Մենակատարից բացի ֆիլմում Նարեկացու յոթ տաղերը կարդում են յոթ հայտնի դերասաններ Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Մարջան Ավետիսյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան և Սամվել Թոփալյանը:
Նկարահանումների ընթացքում ստեղծագործական թիմը հավերժացրել է խորհրդանշական 7 վանք։

Ի դեպ, ապրիլի 18-ին «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը կցուցադրվի նաև Արցախում։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ