Գրիգոր Նարեկացու տաղերը գրաբարով և աշխարհաբարով կհնչեն նոր ֆիլմում (տեսանյութ)

Սուրբ Հարության տոնին ընդառաջ «Վերածնունդ» հիմնադրամը ներկայացնում է ռեժիսոր Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը։ Այն կցուցադրվի ապրիլի 5-ին, 6-ին և 7-ին, Մոսկվա կինոթատրոնում, մուտքն ազատ է։ Ֆիլմը կհայտնվի նաև միջազգային հարթակներում։

Ըստ ֆիլմի ռեժիսոր Վահե Յանի, 6 ամսվա ընթացքում հանդիսատեսին կներկայացվի հայ միջնադարյան պոեզիայի բացառիկ նմուշները՝ Նարեկացու տաղերը. ««Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը հիմնված է յոթ տաղերի վրա, որոնք կատարում է մենակատար Վահե Բեգոյանը։ Նույն այդ յոթ տաղերը, գրաբար հնչող տաղերը նաև կատարվում են աշխարհաբառ»։

Ֆիլմի ռեժիսոր Վահե Յանի խոսքով՝ Գրիգոր Նարեկացու տաղերն այսօր առավել քան ակտուալ են. ««Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում Նարեկացու գործերը կհնչեն նաև աշխարհաբարով։ Ֆիլմում Նարեկացու յոթ տաղերը կարդում են յոթ հայտնի դերասաններ, որոնք իրենց խաղով հանդիսատեսին են հասցնում տաղերի բովանդակությունը»։

ՎԱՀԵ ԲԵԳՈՅԱՆ, «Տաղ հոգու ճանապարհ» ֆիլմի սցենարիստ, Նարեկացու տաղերի մենակատար. «Դերասանների ընտրությունը պայմանավորված չէր մեր ճաշակով, նրանց ընտրեցին ներկայացված տաղերով։ Նարեկացին մեր պոեզիայի բարձրակետն է, միստիկ պոետն է, նրանով սկսվել է մեր արվեստի վերածնունդը, հենց էս տաղերով է ազդարարվում այդ ծնունդը։ Դրանք ներկայացնելու համար, իսկապես, պետք էին խոսքի վարպետներ»։

«Տաղ հոգու ճանապարհ» ֆիլմի սցենարի համահեղինակ Վահե Բեգոյանի կարծիքով՝ ֆիլմը միքս է, հնարավոր չէ միանշանակ ասել ֆիլմի ժանրը։ Ֆիլմը հոգևոր երաժշտական է, բայց մյուզիքլ չէ, գեղարվեստական ֆիլմ չէ, որովհետև ոչ թե դերասանները,այլ իրենք են մարմնավորում կերպարները. «Դերասաններն իրենց խաղով հանդիսատեսին են հասցնում տաղերի իմաստն ու բովանդակությունը։ Մենք հատուկ չենք նկարահանել այն հատվածը, թե ինչպես են դերասանները տաղերը կարդում։ Մենք ամեն կերպ խուսափել ենք ասմունքից, որովհետև դա մեզ պետք չէր»։

«Տաղ հոգու ճանապարհ» ֆիլմի մենակատար Վահե Բեգոյանը նշեց, որ երեք ցուցադրությունով չեն սահմանափակվի, և ֆիլմը կցուցադրվի միջազգային հարթակներում։ Այն կցուցադրվի ապրիլի 5-ին, 6-ին և 7-ին, Մոսկվա կինոթատրոնում, մուտքն ազատ է։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ