2023-ի փետրվարին Newmag-ը հրատարակեց «Ինքնագիր» գրական հանդեսը, որի հրատարակությունը դադարել էր 2022-ին՝ գլխավոր խմբագիր Վահան Իշխանյանի մահից հետո։ 2023-ի առաջին համարը նվիրված է հենց նրա հիշատակին, որը լույս է տեսել «Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ։ Մահվան տարելիցի օրը «Զանգակ» գրատանը Newmag-ը նախաձեռնել էր «Ինքնագրի» խմբագիր Վիոլետ Գրիգորյանի, երիտասարդ գրողների ու ընթերցողների հետ հանդիպումը:
10-րդ հոբելյանական համարում տեղ են գտել Գրիգոր Պըլտյանի, Մարինե Պետրոսյանի, Գուրգեն Խանջյանի, Վիոլետ Գրիգորյանի, Ներսես Աթաբեկյանի, Սյունե Սևադայի, Գրիգի, Անի Ասատրյանի, Սարգիս Հովսեփյանի, Աննա Դավթյանի երբեք չհրատարակված ստեղծագործությունները:
Վիոլետ Գրիգորյանը պատմեց, թե ինչպես է իր և Վահրամ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել «Բնագիր» գրական հանդեսը, որն իր գործել է 3 տարի, ապա 2005-ին նա և լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը ստեղծել են «Ինքնագիրը».
«Ես ու Վահրամ Մարտիրոսյանը տպում էինք «Բնագիր» հանդեսը, հետո գրողների մի խումբ քննարկումներ սկսեց, մարդիկ, որոնք ուզում էին գրականության մասին խոսել, սովետ էր փլուզվել, նոր բան էինք ուզում ստեղծել, սկսեցինք այս քննարկումները, որոնք ես էի վարում, հետագայում հավաքվում էինք չորեքշաբթի, արդեն դարձավ «Ինքնագիր» գրական ակումբ: Սկզբում հավաքվում էինք ՆՓԱԿ-ում՝ մոտ 10 տարի, այնուհետև մեզ հյուրընկալեցին տարբեր արվեստի կազմակերպություններ: Այդ տարիների բոլորիս համար եղել են դպրոց, որ սովորում էինք ամեն ինչ, խոսում ամեն ինչից: Այդ ակումբում ձևավորվեց կորիզ, որը հիմա չկա ամբողջությամբ»։
Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը. «Մշտապես հետևում եմ, որ կարողանամ տարբերերել իսկապես գրական ձայնը: Կարծում եմ` գրամոլությունը բավականին մեծ տեղ ունի այսօր: Այս երկուսի վաղվա օրը փորձում եմ հասկանալ, հետևել»:
Գրող, հրապարակախոս, Մարինե Պետրոսյանը բացատրեց, թե ինչու է իր ստեղծագործության մեջ խոսում հատկապես պարտությունից, ո՞րն է պարտության և գրականության կապը. «Սովետի փլուզումից հետո, 90-ականների հաղթանակը նաև գրականության մեջ էր, այդ կռիվը միայն Ղարաբաղի համար չէր, դա Հայաստանի կռիվն էր, որը պատրաստվել էր ամբողջ հայ գրականությամբ, գրականության մեջ կար այդ հաղթանակի կարոտը, և հաղթանակը եղավ: Պարտության մեղավորը նաև մենք ենք՝ գրողներս, որովհետև հաղթանակի իմաստը կորավ: Կենդանիների իրավունքները, կանանց իրավունքները, հաշմանդամություն ունեցողների իրավուքները, որոնք ինքնին լավ բան են, ավելի բարձր դասվեցին, քան ազգային արժանապատվությունն ու երազանքը, ու եղավ այն, ինչ եղավ»:
Քննարկման մասնակիցները ողջունեցին հանդիպման գաղափարը, որը մի հարկի տակ է հավաքել ժամանակակից գրողների։