Սարոյանը վերադարձել է․նոր հոլոգրամը ամփոփում է գրողի երեք տարբեր տարիքները

2020թ․-ի փետրվարի 20-ին, տեղի ունեցավ Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանի նոր՝ թարմացված հոլոգրամի առաջին ցուցադրությունը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի և “The Interactive World” կազմակերպության համագործակցությամբ։

Սարոյանի սենյակի վերակազմությունը կատարվել է Դեն Վեյների` 1953թ-ին արված լուսանկարի հիման վրա։ Այս և այլ արխիվային լուսանկարների և անձնական տեսաձայնագրությունների ուսումնասիրության արդյունքում այժմ այցելուները հնարավորություն ունեն տեսնելու Սարոյանի վերակերտված կերպարը՝ երեք տարբեր տարիքներում։

12 տարեկան Կարեն Մանգարյանը ներկայացնում է Սարոյանին դեռևս պատանեկության շրջանում, երբ վերջինս հեռագրեր էր բաժանում Ֆրեզնոյի փողոցներում և հոգու խորքում երազում մի օր մեծ գրող դառնալու մասին։ Արդեն հասուն և կայացած գրողին, ով իր փառքի գագաթնակետում էր գտնվում, վերապատկերում է երգահան, դերասան և հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը։ Իսկ արդեն պատկառելի հասակում գտնվող Սարոյանին՝ իր հանրահայտ բեղերով, բարեսիրտ հայացքով և հեծանիվների հանդեպ տածած իր հատուկ սիրով, վերապատկերում է հայտնի բարերար Շանթ Հովնանյանը։