Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագիրը հյուրընկալել էր «Վերածնունդ» հիմնադրամի ներկայացուցիչ, հեռուստահաղորդավար Արթուր Բախտամյանին և ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին: Հյուրերը պատմել են «Երգեր ազգային երաժշտական գանձարանից» հեռուստահամերգի մասին։ Այն հեռարձակվեց Արմենիայի եթերում: «Վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ «Հայկական ազգային երաժշտական գանձարանում» ստեղծվել են հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական մի քանի հարյուր առցանց երգերի և երաժշտության թվային անձնագրերը՝ նոտաներով, գործիքավորմամբ և ձայնագրությամբ։
Հայկական երաժշտական գանձարանն՝ իր ամբողջ հմայքով։ Կատարումներ, որոնց նկատմամբ ժամանակն անզոր է։ Երգեր, որոնք հայկական ինքնության վկայականն են: Արմենիա հեռուստաընկերությունը և «Վերածնունդ» հիմնադրամը ներկայացրեցին բացառիկ համերգ։ Հիմնադրամի խոսնակ Արթուր Բախտամյանի խոսքով՝ նախագիծը սերունդների համար է. «Հիմնադրամի գործը միայն ներկայացնելը չէ: Երաժշտական ստեղծագործությունները նոտագրվել են և տեղադրվել կայքում, ինչը հնարավորություն է տալիս հայ և օտար ուսումնասիրողներին հանգիստ օգտվել»:
Հայկական երաժշտական գանձարանի ստեղծումը «Վերածնունդ» հիմնադրամի ամենամեծ ծրագրերից մեկն է: Մի քանի տարի շարունակ ոլորտի լավագույն մասնագետները ձայնագրել ու վերաձայնագրել են հայկական ժողովրդական, եկեղեցական ու գործիքային երաժշտությունը: Այդ գործերից 10 հատընտիրը հնչել է հեռուստաեթերում՝ Թովմաս Պողոսյանի և «Սայաթ-Նովա» անսամբլի կատարմամբ։ Թովմաս Պողոսյանը վստահեցնում է՝ այդ երգերից շատերը հնչել են առաջին անգամ։ «Սայաթ-Նովա վաստակավոր անսամբլի առաքելությունն է պեղել ու գտնել հնագույն աշուղների անհայտ երգեր, մեծ աշուղների՝ անհայտության մեջ մնացած գործեր»:
«Երգեր ազգային երաժշտական գանձարանից» նախագծի ձայնագրությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի կայքում և Youtube-ի ալիքում: