Լույս է տեսել սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արեւելահայերեն նոր թարգմանությունը՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի կողմից

Այն հրատարակել է «Վէմ» կրթամշակութային հիմնադրամը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ և Արթուր Ջանիբեկյանի մեկենասությամբ։ Թարգմանության վրա հեղինակն աշխատել է շուրջ 30 տարի. «Ներկայացուող թարգմանութիւնն իր բնոյթով իմաստային է: Փորձել եմ փոխանցել այն, ինչ ասում է հեղինակը: Բացի դրանից, փորձել եմ հնարաւորինս հարազատ մնալ բնագրին»:
Հունիսի 22-ին հոգևոր, մշակութային, կրթական ու հասարակական գործիչների մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղ ունեցավ ստեղծագործության շնորհանդեսը։ Իսկ մինչ այդ՝ հունիսի 20-ին, ուխտագնացություն կատարվեց դեպի պատմական Վանի նահանգի Նարեկավանք, որից ոչ հեռու գտվող սբ Գրիգոր Նարեկացու ճգնարանում կատարվեց գրքի օրհնության կարգ։