Սկսելով պատերազմից հետոն. Ինչու Վիոլետ Գրիգորյանը մտափոխվեց ու սկսեց «Ինքնագիրը» վերահրատարակումը

Երկար դադարից հետո 2023-ի փետրվարին հրատարակվեց «Ինքնագիր» գրական հանդեսը: 10-րդ համարը լույս տեսավ Newmag-ի հետ գործակցության և «Վերածնունդ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Գլխավոր խմբագիր Վիոլետ Գրիգորյանը հենց խմբագրականում անդրադարձել է՝ ինչու սկսեց հրատարակել գրական հանդեսը և ինչ նորույթներ են սպասվում ընթերցողներին: Ներկայացնում ենք խմբագրականը՝ հատվածաբար:

Պատերազմից հետո, Վահանից հետո ես որոշել էի՝ վերջ։ Ամեն ինչին։ Հայաստանի ու Արցախի մասին, պատերազմի ու պարտության մասին խոսում էի Վահանի հետ։ Վահանի հետ էի խոսում նաև գրականության մասին։ Վերջին տարիներին Վահանն էր «Ինքնագիրը» խմբագրում, բայց միշտ պնդում էր, որ խմբագրականը ես գրեմ։ Գրում էի, հետո սկսում էր դա խմբագրել։ Ու բանավիճում էինք. ինքը համոզում էր, որ մի քիչ ավելի պարզ գրեմ, հասկանալի գրեմ, խմբագրական է վերջապես։ Ես քյալլա էի տալիս։ Հաճախ համոզում էր որոշ բաներ փոխել. կռվելով քիչիկ-քիչիկ զիջում էի, հետո տեսնում էի, որ ճիշտ էր ասում։

Պատերազմից հետո ինքը դեռ գրականության հետ էր, ես որոշել էի՝ վերջ։ Շատ ծանր էր տանում, որ նոր իշխանության պահապանները քար գցեցին «Ինքնագրի» վրա՝ քննադատության ձայնը լռեցնել փորձելով։ Հանդեսով էր ապրում, հիվանդության էն խորքերից ապրելու հնար էր գտնում գրականության շնորհիվ։ Ինքն իր խմբագիրներից մեկին՝ Ջոնին էր գովում, ես գիտեի, որ ինքն էր իսկական խմբագիր։ Երկրի գլխին եկած աղետից հետո, իրենից հետո ես այլեւս իմաստ չէի տեսնում որեւէ բան անել։ Վերջ:

Թեպետ գիտեի, որ Օսվենցիմից ու Աուշվիցից հետո էլ մարդիկ ապրում են ու գրում։ Բայց ինձ ինչ՝ ուրիշները, մարդիկ։ Ուրիշները գուցե ողջ են, ես որոշել էի, որ, ասենք, մեռած եմ։

Newmag-ը «Ինքնագիրը» հրատարակելու աջակցություն առաջարկեց, իսկ Գրիգոր Պըլտյանն ուղարկեց իր բանաստեղծությունը՝ «Մանտրա ԽԸ». ինձ կաթվածահարած աղետը մեջն էր։ Ու հարցը.

գրել ու չգրել
այո կամ երբեք
ոչելով այոյելով
Չայոյելով

Ու հիշեցի, թե ինչպես է Գրիգորը տարիներով թել առ թելիկ հավաքել-ստեղծել մի ողջ կորուսյալ աշխարհ՝ Ցեղասպանությունից մազապուրծների պատմությունները՝ մահվան դատավճիռ ստացած լեզվով՝ արեւմտահայերեն։ Աղետի պատմություններ չի գրել, գրել է դրանից հետոյի կյանքի պատմություններ։ Որ հետո ապրողները նույնպես չանհետանան ու իրենց գոյության փաստով իսկ վկայեն ջնջումը։

Եվ ահա հավաքվեց համարը. կարծես տապան էի հավաքում ամեն տեսակից փրկելու համար. իրենց չէ, իրենցով բոլորիս։ Մտածեցի՝ որպեսզի սկսենք, նախ պիտի մեզ կաթվածահարածը դնենք առաջներս ու նայենք աչքերին։ Նայենք ուրիշների աչքերին՝ ինչ ու ինչպես են նրանք տեսնում։ Պատերազմ։

Շեշտեմ. պատերազմի մասին «Ինքնագրի» այս համարը ստեղծելու նպատակը զուտ թերապեւտիկ՝ գրելով տրավմաները հաղթահարելու պրակտիկան կամ պատմական վկայության պատասխանատվությունը չէ։ Եթե նման դերակատարում էլ ունենա համարը, լավ, բայց ես իսկապես հավատում եմ, որ գրականությունն է ստեղծում աշխարհ, ժողովուրդ։ Աղջիկներ։ Ու տղաներ: Եվ այսպես, հանդեսում պատերազմը երեւում է ուղղակի եւ անուղղակի։

Համարում կտեսնեք «գրավված, սահմանային, բուֆերային» խրամատային ու այլ ռազմաքաղաքական քարտեզագրումների մեջ հոգեւոր տեղադիրքի փնտրտուքն ու դրա սիրույն երկրի «մնացյալ հիշողության ներբեռնումը» բանաստեղծության մեջ (Լուսինե Եղյան):