20 Նոյեմբերի, 2025

Փարիզում տեղի է ունեցել «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքի շնորհանդեսը

Փարիզի կենտրոնում՝ «Սկիռա» հրատարակչության գրախանութում, հայ մեծանուն նկարիչ Հարություն Կալենցի կյանքին ու արվեստին նվիրված «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքի շնորհանդեսն է։ Գրքում Կալենցի ստեղծագործական ամբողջ ուղին է՝ լիբանանյան քսանամյա գործունեությունը, Խորհրդային Միության շրջանի աշխատանքները։ 

Գրքի համահեղինակ Վարդան Կարապետյանն ուսումնասիրելով 1960-ական թվերի ոչ-կոնֆորմիստ արվեստագետների ստեղծագործությունների հավաքածուները, ամեն անգամ  հանդիպել է Հարություն Կալենցի կտավներին և այդպես  հետաքրքրվել նրանով։ Աշխարհով ցրված Կալենցի կարևոր կտավները մեկ հավաքածուում միավորվեցին Արթուր Ջանիբեկյանի ջանքերով։ Այդ հավաքածուն գրքի հիմքում է, որը լրացվել է Հայաստանի, Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի ու առաջատար թանգարանների և մասնավոր հավաքածուների արվեստի գործերով։ 

Վարդան Կարապետյան, «Հարություն Կալենց․Գույնի ձևը» գրքի համահեղինակ, արվեստաբան-Սովետական Միության փլուզումից հետո Կալենցի ստեղծագործական ժառանգությունը ևս փլուզվեց և ցրվեց աշխարհով մեկ։ Սակայն Արթուր Ջանիբեկյանի շնորհիվ նրա լավագույն կտավների մեծ մասը նորից միավորվեց մեկ ամբողջական հավաքածուի մեջ։

Հարություն Կալենցի իրական անունը Հարություն Հարմանդայան էր։ Ցեղասպանության օրերին Կալենցի մայրը փրկում է իր չորս որդիներին՝ հասցնելով նրանց Հալեպ։ Սակայն այնտեղ մայրը մահանում է՝ երեխաներին թողնելով ամերիկյան որբանոցում։ Այդ ցավից, փորձությունից և կորուստներից ծնվում է Կալենցի արվեստը, որը հետագայում դառնում է հայկական գեղանկարչության լուսավոր և անմոռաց էջերից մեկը։ Գրքի մյուս համահեղինակը՝ Մարի Թոմբը,  Կալենցին բացահայտեց, երբ ուսումնասիրում էի 1900–1930 թվականների լիբանանյան արվեստի պատմությունը։

Մարի Թոմբ, «Հարություն Կալենց․ Գույնի ձևը» գրքի համահեղինակ, Մերձավոր Արևելքի արվեստի պատմության մասնագետ, արվեստաբան (Բեյրութ). Նրա կենսագրությունը և աշխատանքները շատ ազդեցիկ են, քանի որ նա շատ ողբերգական մանկություն և պատանեկություն է ունեցել։ Միևնույն ժամանակ շատ դրական և կյանքը սիրող մարդ էր։ Նա սիրում էր արվեստը, սիրում էր զվարճանալ, սիրում էր կանանց և իհարկե սիրում էր ստեղծագործել։ Գրքի վերնագիրը հուշում է, որ Կալենցը գույնի և ձևի իսկական վարպետ էր, և դա երևում է նկարչի բոլոր ստեղծագործություններում։
«Սկիռա» հրատարակչությունը գիրքը հրատարակել է անգլերեն։ «Սկիռա»-ն աշխարհի առաջատար հրատարակչություններից է։ Մոտ հարյուր տարի հրատարակում է հայտնի արվեստագետների, նաև Պիկասսոյի և Մատիսի մասին գրքեր։ 

Էլիզա Իմպիդուլիա, «Սկիռա» հրատարակչության հաղորդակցության բաժնի ղեկավար (Իտալիա). Այս գիրքն այսօր թերթելու են Փարիզում, բայց վաղը այն կհասնի նաև Նյու Յորք, Թայլանդ, Շվեյցարիա և աշխարհի այլ անկյուններ։ Եվ կարծում եմ՝ սա ամենամեծ ժառանգությունն է, երբ արվեստը դուրս է գալիս սահմաններից, դառնում է տեսանելի ու հասանելի բոլորին։

Կալենցների տանն այս հրատարակչության գրքերից եղել է։ Նկարիչը երանի էր տալիս արվեստագետներին, որոնց մասին Սկիռան հրատարակում էր գրքեր։

Արմեն Կալենց, գեղանկարիչ Հարություն Կալենցի որդին (ԱՄՆ)Մեծ պարծանքով էր խոսումդրանց մասին, ասում էր երանի նրանց, որ արժանացել են։ Այսօր ինքն է այս գրքում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Կալենցն իր կնոջ՝ նկարչուհի Արմինեի և որդու՝ Արմենի հետ տեղափոխվեց Խորհրդային Հայաստան, որտեղ ձևավորվեց նկարչի արվեստի երկրորդ մեծ փուլը։ Այդ տարիների իրադարձությունները գրքում նույնպես տեղ են գտել։ Փարիզում, գրքի շնորհանդեսին առաջին անգամ հանդիպեցին Կալենցի որդին՝ ամերիկաբնակ Արմեն Կալենցը, և նրա եղբորորդին՝ կանադաբնակ Արա Կալենցը։ 

Արա Կալենց, գեղանկարիչ Հարություն Կալենցի եղբորորդին (Կանադա).Հայրս ամենամոտիկեղբայրն էր, ընկերն էր, անբաժան էին, ամեն օր պատմում էր իր պատմությունը, իր բնավորության մասին։ Կարծես թե ես հոն եղած էի։ Այդ ամենը այս գրքում կտեսնենք։

Այս հարուստ նկարազարդ գիրքը լուսաբանում է նկարչի չորս տասնամյակ տևած գործունեությունը: Գիրքը միավորում է Կալենցի ավելի քան 150 աշխատանքներ ու հազվագյուտ պատմական փաստաթղթեր։ Գրքում օգտագործվել են նկարչի որդու՝ Սարո Կալենցի ջանքերով Երևանում բացված Կալենցի թանգարանի և Կալենց հիմնադրամի բացառիկ նյութերը։ Առանց այդ արխիվների՝ այս գիրքն անհնար կլիներ հրատարակել։ Այս փարիզյան շնորհանդեսով իրագործվեց Հարություն Կալենցի մեծագույն երազանքներից մեկը․ նա երազում էր տեսնել Փարիզը, ցուցադրվել Փարիզի արվեստի սրահներում, լինել Լուվրում։ Գիրքը կներկայացվի նաև Լիբանանում, Իտալիայում։