4 Օգոստոսի, 2026

Ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)

Newmag & Friends ծրագիրը ներկայացնում է 20-րդ դարի հայկական կերպարվեստի ամենաինքնատիպ արվեստագետներից մեկի մասին պատկերագիրքը՝ «Հարություն Կալենց․ Գույնի ձևը»։ «Հարություն Կալենց․ Գույնի ձևը» աշխատությունը լույս է տեսել աշխարհի հեղինակավոր արվեստագիտական հրատարակչություններից մեկում՝ ֆրանսիական «Սկիռա»-ում, որը շուրջ մեկ դար հրատարակում է համաշխարհային արվեստի մեծանուն վարպետներին նվիրված գրքեր։

Գրքի միջազգային ուղին սկսվել է Փարիզից։ Շնորհանդեսը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ «Սկիռա» հրատարակչության գրախանութում, որտեղ ներկայացվել է Հարություն Կալենցի ստեղծագործական ամբողջ ճանապարհը՝ լիբանանյան տարիներից մինչև խորհրդային շրջանի աշխատանքներն ու արվեստագիտական ժառանգությունը։

«Հարություն Կալենց․ Գույնի ձևը» գրքի հեղինակներն են արվեստաբաններ Վարդան Կարապետյանն ու Մարի Թոմբը։ Նրանք տարիների ուսումնասիրության արդյունքում համախմբել են մինչ այժմ չուսումնասիրված արխիվներ, անձնական նամակագրություն, ընտանեկան հուշեր, թանգարանային և մասնավոր հավաքածուների նյութեր՝ վերականգնելով ոչ միայն Կալենցի կենսագրությունը, այլև նրա ստեղծագործական և գաղափարական աշխարհի ամբողջական պատկերը։

Պատկերագիրքն ընդգրկում է ավելի քան 150 ստեղծագործություն, էսքիզ, բացառիկ փաստաթուղթ և լուսանկար։ Դրանք ընթերցողին հնարավորություն են տալիս նոր տեսանկյունից բացահայտելու Կալենցին, հասկանալու նրա դերը խորհրդային ոչ կոնֆորմիստական արվեստում և գնահատելու նրա ժառանգության համամարդկային նշանակությունը։

Գրքի հիմքում նաև բացառիկ հավաքածու է, որը ձևավորվել է Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ։ Խորհրդային Միության փլուզումից հետո Կալենցի ստեղծագործությունները ցրվել էին տարբեր երկրներում և մասնավոր հավաքածուներում։ Աշխարհով մեկ տարածված կարևոր կտավների մեծ մասը հաջողվել է նորից միավորել, իսկ այդ հավաքածուն համալրվել է Հայաստանի, Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի թանգարանների ու մասնավոր հավաքածուների գործերով։

Վարդան Կարապետյանի հետաքրքրությունը Հարություն Կալենցի նկատմամբ ծնվել է 1960-ականների ոչ կոնֆորմիստ արվեստագետների ստեղծագործություններն ուսումնասիրելիս, երբ տարբեր հավաքածուներում նա անընդհատ հանդիպել է Կալենցի աշխատանքներին։ Այդ բացահայտումը դարձել է երկարամյա հետազոտության սկիզբը, որի արդյունքն այսօր այս պատկերագիրքն է։ 

Մարի Թոմբն էլ Կալենցին բացահայտել է Լիբանանի 20-րդ դարի առաջին կեսի արվեստն ուսումնասիրելիս՝ նրան դիտարկելով նաև Մերձավոր Արևելքի մշակութային պատմության համատեքստում։

Հարություն Կալենցի կյանքը ողբերգական պատմություն է, որն իր արտացոլումն է գտել նրա արվեստում։ Իրական անունով Հարություն Հարմանդայան՝ նա մանկության տարիներին վերապրել է Հայոց ցեղասպանությունը։ Մայրը կարողացել է փրկել իր չորս որդիներին՝ հասցնելով նրանց Հալեպ, սակայն շուտով մահացել է՝ երեխաներին թողնելով ամերիկյան որբանոցում։ 

Այդ ծանր փորձությունն ու վաղաժամ կորուստները հետագայում վերածվել են ստեղծագործական ուժի՝ ձևավորելով արվեստագետի յուրահատուկ գունային աշխարհն ու մարդասիրական հայացքը։

Կալենցի ստեղծագործական ուղին ձգվում է Լիբանանից մինչև Հայաստան՝ ընդգրկելով Բեյրութի մշակութային կյանքը, խորհրդային արվեստի գաղափարական սահմանափակումներն ու միջազգային ճանաչումը։ Նրա կտավներում գույնն ու ձևը դառնում են ոչ միայն գեղարվեստական լեզու, այլև հիշողության, ազատության և մարդկային արժանապատվության արտահայտություն։

«Հարություն Կալենց․ Գույնի ձևը» միայն արվեստի ալբոմ չէ։ Այն միաժամանակ կենսագրություն, պատմական ուսումնասիրություն և մշակութային վավերագիր է, որը վերաիմաստավորում է մեծ նկարչի տեղը հայկական և համաշխարհային արվեստի պատմության մեջ։