«Վերածնունդ» հիմնադրամը ներկայացնում է «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը: Ֆիլմում Հայ միջնադարյան պոեզիայի բացառիկ նմուշներն են՝ Գրիգոր Նարեկացու տաղերը: Այն երեք օր կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում, մուտքն ազատ է։ Նախագծի մասին ռեժիսոր Վահե Յանն ու սցենարի համահեղինակ, տաղերի մենակատար Վահե Բեգոյանը պատմել են Արմենիայի «Բարի լույս» ծրագրի ընթացքում։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Արթուր Ջանիբեկյանն է, մտահղացումը Արտակ Ալեքսանյանինն է, ռեժիսորը Վահե Յանն է։ Ըստ Վահեի, հոգևոր երաժշտական ֆիլմն ունեցել է ստեղծագործական արհեստավարժ թիմ. «Գաղափարը ծնվել է Արտակ Ալեքսանյանի մտքում, որից հետո «Վերածնունդ» հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց նկարահանել այն, ապա ընտրվեց մեր մասնակցությունը: Առանց Վահե Բեգոյանի մասնակցության ֆիլմն այսպիսի կուռ կառուցվածք չէր ունենա»:
«Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմի նկարահանումները կատարվել են 7 խորհրդանշական վանքում: Տաղերի մենակատարը Վահե Բեգոյանն է, ով նաև սցենարի համահեղինակն է. «Ֆիլմն ունի շատ-շատ սիմվոլիկ շերտեր, որոնք ամեն անգամ նայելիս կբացվեն, ամեն անգամ մի նոր բան կնկատվի, ամեն անգամ մի նոր բան կբացահայտվի»։
Ֆիլմում Նարեկացու տաղերը կարդում են հայտնի դերասանները: Ըստ ռեժիսորի, «Տաղ. Հոգու ճանապարհ» նախագծում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեվոնյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Մարջան Ավետիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան և Սամվել Թոփալյանը. « Ի սկզբանե մեր ֆիլմի կոնցեպտում չկային դերասաններ: Ֆիլմը հիմնված է յոթ տաղի վրա, այդ յոթ տաղը պետք է աշխարհաբառ կարդացվեր, որը պետք է ուղեկցվեր գեղեցիկ պատկերաշարով: Հետո ես ու Վահեն որոշեցինք մշակութային սերուցքից ընտրել մարդկանց, որոնք շատ հայտնի են, որպեսզի ավելի պարզ լին,ի քանի որ կատարումներ գրաբար են»:
«Վերածնունդ» հիմնադրամի «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը կցուցադրվի Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ ապրիլի 5-ին, 6-ին, 7-ին, Մոսկվա կինոթատրոնում: Մուտքն ազատ է: