«Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ վերսկսում է նորանկախ Հայաստանի ամենահայտնի «Ինքնագիր» գրական հանդեսի հրատարակությունը

Արթուր Ջանիբեկյանի «Վերածնունդ» հիմնադրամի ֆինանսական աջակցության 2023-ի փետրվարին կհրատարակվի «Ինքնագիր» ամսագիրը: 2005-ից հրատարակվող գրական հանդեսն ունի 9 համար: Նոր ձևաչափով 10-րդ համարը կներկայացվի փետրվարի 18-ին՝ Newmag-ի Ձմեռային փառատոնի ժամանակ։

Գրական նոր էջը «Ինքնագիրն» ու Newmag-ը բացում են համատեղ ջանքով: Այս համարում կարող եք ընթերցել Գրիգոր Պլտյանի, Մարինե Պետրոսյանի, Վիոլետ Գրիգորյանի, Վահան Իշխանյանի, Գուրգեն
Խաջյանի, Նարինե Կռոյանի, Սյունե Սևադայի , Սուսաննա Հարությունյանի, Աննա Դավթյանի, Միսաք Խոստիկյանի նոր ու մինչև այժմ չտպագրված գործերը:

Ըստ Newmag ամսագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանի, կա հստակ բաժանում, թե ով ինչով է զբաղվելու այս գործակցության շրջանակում. «Մեր թիմն իրականացնելու է հանդեսի կառավարումը. Ֆինանսների հայթայթումը, տպագրությունը, դիզայնը, սրբագրումն ու վաճառքը։ Թե ինչ է տպվելու՝ որոշելու է Վիոլետը։ Մենք չենք ցանկանում որևէ միջամտություն ունենալ խմբագրական որոշումներին։ Մեր նպատակն է օգնել, որպեսզի «Ինքնագիրը» չանհետանա, ինչպես մյուս ամսագրերը»:

Ինչպես և հիմնադրման ժամանակ, այնպես էլ հիմա Վիոլետ Գրիգորյանի նպատակն է «Ինքնագրի» միջոցով ստեղծել գրականության «սենյակ», որտեղ ժամանակակից գրականությունն ինքն է որոշում իր օրակարգը՝ առաջնորդվելով գրական խնդիրներով, անկախ շուկայի քմահաճույքից, քաղաքական պատվերից. «Գրողներս ու ընթերցողներս փորձենք ստեղծել աշխարհը, որն անհետացել է, մարդկանց, որ տրոհվել են
ատոմների, ու ամեն մեկն իր ծիրով պտտվում է՝ապավինելով զուտ նեղ ընկերական մխիթարանքի, իբրև թե կանք։ Իրարով։ Չէ, մենք վերսկսում ենք Արցախյան աղետից հետո մեր միասին ստեղծելիք աշխարհի հրամայականով»։

2001 թվականին Վիոլետ Գրիգորյանի և Վահրամ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բնագիր» գրական հանդեսը, որն իր գործունեությունը շարունակեց 3 տարի, ապա 2005-ին Վիոլետ Գրիգորյանը և Վահան Իշխանյանը հիմնադրեցին «Ինքնագիր» գրական հանդեսը: 2008-ից ի վեր, «Ինքնագիրը» ստեղծել են Վահանն ու Վիոլետը։ Հանդեսն իր գործունեությունը դադարեցրեց 2022-ին Վահան Իշխանյանի մահից հետո։ 2023-ի համարը կլինի առաջինը՝ առանց Վահանի, բայց այն նվիրվելու է հենց նրա հիշատակին։

10-րդ և այս տարվա առաջին համարն ունի թեմատիկ ուղղվածություն՝ պատերազմ։ Համարի բովանդակության առիթով Վիոլետ Գրիգորյանը նկատում է. «Ուզում եմ հատուկ շեշտել պատերազմի «մասին» (եթե կարելի է այս բառն օգտագործել) «Ինքնագրի» այս համարն ստեղծելու նպատակը. զուտ թրապևտիկ՝ գրելով տրավմաները հաղթահարելու պրակտիկան կամ պատմական վկայության պատասխանատվությունը չեն գլխավոր ուղենիշը։ Եթե նման դերակատարում էլ ունենա համարը՝ լավ, բայց ես իսկապես հավատում եմ, որ գրականությունն է ստեղծում աշխարհ, ժողովուրդ, մարդիկ: Հայտնի նկատառում կա, որ Տուրգենևը ստեղծեց կանանց կերպարներ, որ դեռ չկային ռուսական իրականության մեջ և հայտնվեցին նրա գրականությունից հետո և դրա շնորհիվ, այսինքն՝ նրանց ստեղծեց գրականությունը։ Գիտենք նաև Հրան Մաթևոսյանի կերպարի խոսքը, թե հայ ժողովրդին հնարել է Լեոն, ինչպես Թումանյանը՝ «Շունն ու կատուն»։
Իսկ իմ կարծիքով՝ հենց «Շունն ու կատու»-ներն են ժողովուրդ ստեղծում՝ կերտելով նրա ամբողջ ատրիբուտները։Մեր գլխին եկած այս աղետից հետո մենք իսկապես կարիք ունենք վերստեղծելու մեզ և մեր աշխարհը․ահա, նման հույսով եմ ես վերսկսում «Ինքնագիրը»՝ ապավինելով այլ գրողների նույն մղումներին։ Ասեմ, որ սին հույսեր չեն, այս համարի միջից դուրս են գալու ու մեր իրականություն են մտնելու նոր
տեսակի երիտասարդներ, որոնք․․․ Լավ, կանխավ չհռչակեմ, թող դա լինի համարի անակնկալ
բացահայտումը»։

«Ինքնագրի» հրատարակումը հնարավոր եղավ Արթուր Ջանիբեկյանի «Վերածնունդ» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ։ Հիմնադրամի օգնությամբ այս տարի կհրատարակվի հանդեսի երեք
համար։ Հիմնադրամի խոսնակ Արթուր Բախտամյանը նշեց. ««Ինքնագիրը» միշտ եղել է յուրօրինակ հարթակ, որտեղ ընթերցել ես և՛ նոր հեղինակներ, և՛ ծանոթ հեղինակների նոր, ավելի էքսպերիմենտալ
գործեր։ Աջակցելով «Ինքնագրին»՝ մենք հույս ունենք, որ հայ ժամանակակից գրականությունը և հայ հեղինակները կվերագտնեն այն համայնքը, որտեղ գրականության միջոցով կարտահայտվեն, իսկ հայ
ընթերցողը կստանա նոր, թարմ բովանդակություն»։

«Ինքնագրի» նոր համարում արդեն հայտնի գրողների կողքին կլինեն նոր անուններ: 10-րդ համարի շնորհանդեսը տեղի կունենա Newmag-ի Ձմեռային փառատոնին՝ փետրվարի 18-ին, Կոնգրես հյուրանոցում։