«Վերածնունդ» հիմնադրամի շնորհիվ ստեղծվել է «Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանը» (տեսանյութ)

Վերջին հարյուր տարվա լավագույն ու հայտնի երգերը, ֆիլմերի սաունդտրեկերը, քաղաքային ռոմանսներն ու պարային մեղեդիները մեկ հարթակում են։ Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանը պատրաստ է։

1920-2020 թվականների հայ ամենահայտնի կոմպոզիտորների ու ժամանակակից հեղինակների՝ Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Հայկոյի, Արթուր Գրիգորյանի, Էլվինա Մակարյանի ու հռչակավոր մյուս ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները նոտագրվել են ու թվայնացվել։

Խորհրդային ու հետխորհրդային հայկական ժամանակակից, փոփ ու էստրադային հայտնի երգերը ոչ միայն թվայնացված չէին, այլև նույնիսկ նոտագրված չէին։ Այս բացառիկ նախաձեռնությամբ դրանք կպահպանվեն ու կփոխանցվեն երաժիշտների հաջորդ սերունդներին։ Հայկական փոփ երաժշտության անթոլոգիան իրականացնում է Վերածնունդ հիմնադրամը։ Վերածնունդն արդեն թվայնացրել է ազգային, ժողովրդական երգեր: Հիմա էլ հավաքել, մշակել են հարյուր ամենահայտնի էստրադային հայկական երգերը:

Հայկական էստրադային, քաղաքային, լիրիկական երգերը, ռոմանսները, որոնք ստեղծել են պրոֆեսիոնալ կոմպոզիտորները, պահպանվել էին միայն կատարումների տեսքով, դրանք նույնիսկ նոտաները չունեին։ Բոլոր երգերի համար արվել է LEAD SHEET՝ մի տեղում հավաքվել են երգի տեքստը, մեղեդին, հարմոնիան։ Երաժիշտները, որոնք կցանկանան կատարել վերջին հարյուր տարվա ընթացքում ստեղծված որևէ հայտնի ստեղծագործություն կամ երգ, արդեն կկարողանան դրանք գնել կայքից, ներբեռնել երգի բնօրինակը, նոտաները։ Բոլոր հեղինակային իրավունքները պահպանվել են։

Նոտաների մի մասը հիմնադրամին տրամադրել են հեղինակների, կոմպոզիտորների կամ նրանց իրավահաջորդների ժառանգները։ Արդեն նոտագրվել է հարյուր երգ: Հայկական պոպուլյար երգերի անթոլոգիան դեռ կարող է համալրվել ավելի քան հազար երգով։