12 կտավ կզարդարեն Սուրբ Հակոբ եկեղեցու խորանը (տեսանյութ)

Այս կտավները շուտով կտեղափոխվեն Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Ավետարանական գլխավոր թեմաները եկող տարի կզարդարեն եկեղեցու խորանը։  Սուրբ Հակոբ եկեղեցին նորոգվեց ու վերաօծվեց  2012 թվականին, որից հետո «Վերածնունդ» հիմնադրամը որոշեց եկեղեցու ներսում, խորանի ամբողջ երկայնքով ներկայացնել Քրիստոսի կյանքը։

Միքայել Հարությունյան, նկարիչ. «Գլխավոր դրվագներն են՝ Ավետում, Ծնունդ, Քրիստոսի մկրտությունը, նրա հրաշագործությունը, Պայծառակերպություն, Մուտքը Երուսաղեմ, Վերջին ընթրիք, Խաչելություն, Հարություն, Համբարձում, և վերջին նկարը Տիրամոր վերափոխումը, որը տաղավար տոն է»։

Տասներկու կտավ, տասներկու տեսարան, որոնցում յուրահատուկ ներկայություն ունեն հայ առաքելական եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոները։

Ամեն վրձնահարված սկսում է եկեղեցական երաժշտությամբ։ Նկարիչ Միքայել Հարությունյանն այդպես է ոգեշնչվում։ Քրիստոնեական թեմաներով կտավներին ավելացրել է հայկական դետալներ ու քողարկված խորհրդանիշներ։ Առաջին հայացքից դրանք գրեթե աննկատ են։

Միքայել Հարությունյան, նկարիչ. «Հայաստանի դրոշի գույներն են, ոնց հովիվները առաջինը գնացին այցի, նույն կերպ, հայաստանն. առաջինը գնաց ընդառաջ քրիստոսին։ Հայկական դետալներով փորձել եմ հայկական շունչ փոխանցել այս շարքին, կան նաև սիմվոլիկ պատկերներ, որոնք կբացահայտեմ հետո»։

Բացառիկ շարքն ընտրել է «Վերածնունդ» հիմնադրամի հետ՝ երկար քննարկումներից հետո։ Նկարիչը  հոգևոր թեմաներով կտավներ շատ ունի։ Այս անգամ էլ Քրիստոսի կյանքի ամենակարևոր դրվագները նկարելուց առաջ դրանք քննարկել է հոգևորականների հետ։

Միքայել Հարությունյան, նկարիչ. «Չորրոդ նկարը պատկերում է Քրիստոսի հրաշագործություններից մեկը, Հայրոսի աղջկա հարությունը։ Նկարիչների մեծ մասը շեշտը դրել են Քրիստոսի ու աղջկա վրա, իսկ ես շեշտը դրել եմ Հայրոսի ու Քրիստոսի վրա։ Այստեղ կարևոր է հավատքի պահը, որ ինչ էլ լինի, այն պետք է անսասան լինի»։

Հինգ կտավ արդեն պատրաստ է։ «Վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ 2025-ի ամռանը՝ Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու օրը, Միքայել Հարությունյանի 12 կտավները կզարդարեն ամբողջ խորանը։