Արմեն Մարտիրոսյանը՝ հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանի մասին (տեսանյութ)

«Վերածնունդ» հիմնադրամը 2024 թվականին սկսեց նոր մեգանախագիծ. Մեկ հարթակում հավաքվեցին վերջին հարյուր տարվա լավագույն ու հայտնի երգերը, ֆիլմերի սաունդտրեկերը, քաղաքային ռոմանսներն ու պարային մեղեդիները։ Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանը հասանելի է բոլոր երաժիշտների ու երաժշտասերների համար:

Խորհրդային եւ հետխորհրդային ժամանակների փոփ ու էստրադային հայտնի երգերը Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած «Վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ կպահպանվեն ու կփոխանցվեն երաժիշտների հաջորդ սերունդներին։

Առաջին փուլում նոտագրվել եւ թվայնացվել են 1920-2020 թվականների հայ անվանի կոմպոզիտորների ու ժամանակակից հեղինակների գործերը՝ Արամ Խաչատրյան, Էդգար Հովհաննիսյան, Առնո Բաբաջանյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արթուր Գրիգորյան, Հայկո, Էլվինա Մակարյան եւ հայտնի այլ անուններ։ Նոտաների մի մասը հիմնադրամին տրամադրել են հեղինակների, կոմպոզիտորների կամ նրանց իրավահաջորդների ժառանգները։ Նախագիծը պահպանում է հեղինակային բոլոր իրավունքները։

Էստրադային, քաղաքային, լիրիկական բազմաթիվ երգեր, ռոմանսներ պահպանվել էին միայն կատարումների տեսքով. նույնիսկ նոտաներ չունեին։ Հիմա մի տեղում հավաքվել են երգի տեքստը, մեղեդին, հարմոնիան։ Երաժիշտները, որոնք կցանկանան կատարել հայտնի որեւէ ստեղծագործություն, արդեն կկարողանան այն գնել կայքից՝ ներբեռնելով բնօրինակն ու նոտաները։ Բոլոր այս գործերը հնարավոր է գտնել armenianmusic.am հարթակում։

Այս նախագծի երաժշտական խմբագիրն Արմեն Մարտիրոսյանն է։ Նա Միացյալ նահնագներում է, բայց տեսակապով ներկայացրել է հայկական փոփ երգերը, քաղաքային ռոմանսները, ֆիլմերի սաունդտրեկերն ու մյուս ստեղծագործությունների ընտրությունը, մշակումը հենց նա է արել։